շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ոչ թե պետք է լինի 9 բալ, այլ 100 բալ. Ծառուկյան

Ոչ թե պետք է լինի 9 բալ, այլ 100 բալ. Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավտոներկրողներին խնդրին։

Նա այն կարծիքն է, որ  այդ հարցը դեռ անցած տարի պետք է կարգավորված լիներ։

«Այսօր մարդիկ տուն են գրավի տակ դրել, ունեցվածք են գրավի տակ դրել, ավտոմեքենա են ներկրել, որպեսզի վաճառեն: Ավտոմեքենաների շուկայում շարժի շնորհիվ էր, որ բյուջեի գումարը 300 միլիոնով ավելացավ: Մարդիկ պարտաճանաչ կատարել են վճարումները»,- ասաց նա։

Ըստ Ծառուկյանի,  այսօր համապատասխան մարդիկ պետք է գնան Ղազախստան, Ռուսաստան, պայմանավորվեն, որպեսզի ժողովուրդը կարողանա խնդրի տակից դուրս գա. «Պատասխանատու մարդիկ վաղուց պետք է Ղազախստանում ու Ռուսաստանում լինեին, որպեսզի մեր աշխատող ժողովուրդը կորուստ չունենա, անտուն չմնա»:

Նա անդրադարձավ նաև վարորդների տուգանման բալային համակարգին։ Ծառուկյանի խոսքով, իրենք դեմ են եղել, քանի որ եթե գործում է բալային համակարգ, պետք է լիարժեք պայմաններ ստեղծել, ճանապարհները լայնացնել, կանգառներ, կայանատեղիներ ստեղծել։

«Էդ օրենք ստեղծողը թող մի օր փորձի, տեսնի տաքսի վարելով 5000 դրամ կարո՞ղ է աշխատել։ Երթուղայինի վարորդի համար պետք է ուրիշ բալային համակարգ լինի, անձնական մեքենաներ վարողների համար՝ ուրիշ։ Բացի այդ պիտի ոչ թե լինի 9 բալ, այլ 100 բալ»,- նշեց ԲՀԿ առաջնորդը։

  • Կիսվել: