ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ոչ մի ծեծ չի եղել. նրան ես եմ աշխատանքի ընդունել, սակայն նկատելով թերություններ, պահանջել եմ ազատման դիմում գրել. Շենգավիթի թաղապետ

Ոչ մի ծեծ չի եղել. նրան ես եմ աշխատանքի ընդունել, սակայն նկատելով թերություններ, պահանջել եմ ազատման դիմում գրել. Շենգավիթի թաղապետ

Այսօր՝ հունիսի 18-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում աշխատող համակարգչային օպերատորը դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ օրեր առաջ Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը իրեն ծեծի են ենթարկել այն բանի համար, որ ինքը աշխատանքից ազատվելու դիմում չի գրում:

Հրապարակումից հետո թաղապետ Ռ. Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ SHAMSHYAN.com-ը զրպարտություն է տարածում, մինչդեռ մենք միայն ներկայացրել ենք մեր ստացված տեղեկությունը, որն, ի դեպ, հաստատել է նաև ոստիկանությունը, որ թաղապետարանի աշխատակիցը դիմել է ոստիկանություն, որ թաղապետը, տեղակալն ու օգնականը իրեն ծեծի են ենթարկել:

Քիչ առաջ SHAMSHYAN.com է զանգահարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանը և հայտնել. «Գ. Պողոսյանի տեղեկությունները, որ թաղապետարանում իմ տեղակալի և օգնականի կողմից ծեծի է ենթարկվել, իրականությանը չի համապատասխանում: Պարզապես դեռ ամիսներ առաջ նրա աշխատանքում նկատելով թերություններ, ում, ի դեպ, ինքս եմ ընդունել աշխատանքի, հայտնել եմ, որ կարճ ժամանակում շտկի թերությունները, սակայն որոշ ժամանակ անց տեսնելով, որ նրա կողմից շարունակվում է աշխատանքները ոչ պատշաճ կատարելը, հորդորել են, որպեսզի նա իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից:

Նա խնդրեց՝ մեկ ամիս ժամանակ տուր, մինչև ինձ համար աշխատանքի տեղ ճարեմ և ես ընդառաջելով՝ ժամանակ տվեցի: Սակայն մի քանի ամիս նա ամեն օր նույն բանն էր ասում՝ կամ ժամանակ տվեք, կամ կինս վատ է, երեխաներս վատ են, տարբեր անհիմն պատճառաբանություններով փորձում էր ազատման դիմում չգրել:

Իր մատնանշած օրը արդեն խիստ տոնով նրան ասել եմ, որ հերիք է խաբես, դիմումդ գրի և նա պատասխանեց, որ դիմում չեմ գրելու, առանց իմ դիմում գրելու կարաս ինձ ազատես աշխատանքից և զրույցի ժամանակ ասում էր, թե ինձ տփում եք: Ես էլ նրան պատասխանեցի, որ ով կամ ովքեր քեզ ուղորդում են երևի լավ չեն հուշել ու դիմում գրելու փոխարեն դիմել է ոստիկանություն:

Այդ ամենը նրա կողմից զրպարտանք է ու հերյուրանք: Եթե մենք նրան ծեծի ենք ենթարկել, ապա դատաբժիշկը, երբ զննի, կտա դրա պատասխանը: Ես պնդում եմ՝ ո՛չ իմ, ո՛չ իմ տեղակալի, ո՛չ էլ օգնականի կողմից ծեծ չի եղել: Եղել է զրույց, ինչից հետո նա դիմել է ոստիկանություն, թե իրեն ծեծել ենք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով։

Հունիսի 15-ին, մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում Հ. Գրիգորյանի աշխատասենյակում թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել 52-ամյա Գևորգ Պողոսյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ընթացքում Գ. Պողոսյանը ընկել է գետնին և դա չի խանգարել ծեծողներին և շարունակել են հարվածել։

Պատճառը եղել է այն, որ Գ. Պողոսյանին, ով աշխատում է Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես համակարգչային օպերատոր, թաղապետն ու տեղակալը ասել են, որ նա պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն Գ. Պողոսյանը մերժել է առաջարկը, ինչից հետո պաշտոնյաները գործի են դրել բռունցքները։

  • Կիսվել: