կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Ո՞ր խնդիրներն են հանգեցնում երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալուն

Ո՞ր խնդիրներն են հանգեցնում երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալուն

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կրթության շարունակականության ապահովման խնդիրներին այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը:

Ստալ Սարդարյանի խոսքով՝ 2021 թվականից գործում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և նրանց հանրակրթության մեջ ներգրավելու կարգը, սակայն այն ամբողջությամբ չի լուծել առկա խնդիրները, հետևաբար 2023 թվականին կարգում որոշակի փոփոխություններ են կատարվել, և աշխատանքները բաժանվել են 2 խմբի: Մի խմբում աշխատանքներ են տարվել պարտադիր կրթությունից դուրս մնացածներին բացահայտելու ուղղությամբ, մյուս խմբի թիրախում եղել են պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող սովորողները: «Այս պահին հաստատված կարգով ԿՏԱԿ-ի էլեկտրոնային համակարգում գործում է պարտադիր կրթությունից դուրս մնացած սովորողների ենթահամակարգը, որտեղ ամեն ուսումնական տարվան ընդառաջ տվյալները համադրվում են բնակչության պետական ռեգիստրում եղած տվյալների հետ ու ներկայացվում են ԿԳՄՍՆ:

Նախարարությունն էլ, ըստ անհրաժեշտության, համագործակցելով համապատասխան կառույցների հետ, իրականացնում է այդ սովորողների ներգրավվածությունը հանրակրթության մեջ: Այս պահին ԿՏԱԿ-ը մշակում է ուղեցույց, թե ինչպես պետք է աշխատեն շահագրգիռ կառույցները, և որոնք են դրանց իրավասությունները, որպեսզի կարողանանք այս երեխաներին արագ բացահայտել և վերադարձնել հանրակրթություն»:

Ալվարդ Պողոսյան. «Վիճակագրական տվյալները փաստում են՝ «Ինչո՞ւ երեխան ուսումը չի շարունակում» հարցին ծնողների 70 տոկոսը պատասխանում է, որ երեխան սովորել է այնքան, որքան իրեն պետք էր: Մյուս խնդիրն այն է, որ կրթական համակարգը երեխային տեսնում է, եթե ինչ-որ փուլում նա հաճախել է դպրոց, իսկ եթե չի հաճախել, ապա կրթության վիճակագրական համակարգում նա տեսանելի չէ: Սա առանցքային խնդիր է»:

Ստալ Սարդարյանն այս առումով շեշտել է, որ հարցը որոշակի առումով կարգավորվում է, երբ տվյալները համադրվում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ:

Ըստ Ալվարդ Պողոսյանի՝ Վիճակագրական վարչության տվյալներով՝ հարցվածների 10 տոկոսն է նշել, որ կրթությունից դուրս մնալու պատճառը սոցիալական-ընտանեկան պայմաններն են: Ստալ Սարդարյանի խոսքով՝ այսպիսի իրավիճակներում ԿԳՄՍ նախարարությունն աշխատում է համապատասխան կառույցների հետ, որպեսզի լուծվեն ընտանեկան խնդիրների պատճառով կրթությունից դուրս մնացած երեխաների կարիքների բավարարման խնդիրները: Ինչ վերաբերում է համայնքային մարմինների իրականացրած աշխատանքի գնահատմանը, ապա Ստալ Սարդարյանի խոսքով՝ այն նախկինում բավարար չէր, սակայն նոր բարեփոխումները հնարավորություն կտան, որ այդ մարմիններն իրենց աշխատանքները հնարավորինս արդյունավետ իրականացնեն:

  • Կիսվել: