շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նուբարաշենի աղբանոցի հրդեhը դիտավորություն էր. Ավինյան

Նուբարաշենի աղբանոցի հրդեhը դիտավորություն էր. Ավինյան

Կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ հիմա։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ նա այսօր այցելել է աղբավայր։

Ավինյանը, մասնավորապես, ասաց. «Փրկարար ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները ամբողջ գիշեր աշխատել են տեղում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց բոլորին՝ արագ արձագանքի և արված մեծ աշխատանքի համար։

Ուզում եմ շատ հստակ արձանագրել. այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ, և ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան։

Միաժամանակ խստացվել է աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմը։

Սիրելի՛ երևանցիներ, մենք արդեն մշակել ենք կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, և այս տարի հայտարարվելու է այդ մրցույթի առաջին փուլը։ Սա է այն համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը։ Քաղաքի համար սա և բնապահպանական և անվտանգային հարց է։

Մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը և քաղաքի բնականոն միջավայրը։ Երևանը ունենալու է մաքուր, անվտանգ և վերահսկվող թափոնների կառավարում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատում է 27 փրկարար։ Առավոտյան դեռ հրդեհը մարված չէր։

  • Կիսվել: