Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսի վարակի տարածումը հնավոր է եղել կանխել է. Բաթոյան
Նորքի տուն-ինտերնատում հնարավոր է եղել կորոնավիրուսի վարակի տարածումը կանխել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի չկարողացան կանխել վարակի տարածումը տարեցների տանը։
«Մեր տեղեկություններով՝ տարեցների խնամքի տանը գտնվող անձանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց և թեև թեստավորման արդյունքը եղել է բացասական, սակայն տարեցների տուն վերադառնալուց մի քանի օր անց նույն սենյակում գտնվող անձի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, հետո նաև՝ իր մոտ: Վարկածներից մեկն այն է, որ գուցե այդ վարակը փոխանցվել է հիվանդանոցում»,- ընդգծեց Զարուհի Բաթոյանը:
Նախարարը նշեց, որ վարակի դեպքեր կան նաև մանկատանը։ Նրա խոսքով, այս հաստատություններում կարանտին էր սահմանված դեռևս փետրվարից, աշխատակիցներն էլ 14-օրյա հերթափոխային ռեժիմով են աշխատում:
«Միևնույն է, որևէ կերպ չենք կարող ամբողջությամբ խնդիրը լուծել, քանի որ ասիմպտոմ դեպքեր են լինում, և նույնիսկ ջերմաչափումները ցույց չեն տալիս, միայն թեստավորման արդյունքում է հնարավոր լինում վիրուսը հայտնաբերել: Հիմա բոլոր միջոցառումներն իրականացվել են: Բարեբախտաբար, Նորքի տունինտերնատում վարակի տարածումը կանխվել է և ավելի շատ չի տարածվել»,- ասաց նախարարը:



