Նորածնի մարմնի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան Ցելսիուս․ նոր մանրամասներ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակից․ տեսանյութ
Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված իգական սեռի նորածինը շտապօգնության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարան։
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից տեղեկացնում են, որ նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ նեոնատոլոգ Լ. Ս. Վարդապետյանի կողմից երեխայի վիճակը գնահատվել է ծանր։
«Նորածնի մարմնի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան Ցելսիուս, արձանագրվել է նաև շնչառական խանգարումների կլինիկա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել է մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն՝ Bubble CPAP համակարգի միջոցով, նշանակվել են համապատասխան հետազոտություններ և բուժում։ Նորածնի քաշը 2550 գրամ է, հասակը՝ 48 սմ։ Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը»,-հայտնում են ծննդատնից։



