կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Նոր թափ կհաղորդվի ՀՀ-Իտալիա իրավապահ համագործակցությանը. Արթուր Նահապետյանը ընդունել է դեսպան Ֆերրանտին

Նոր թափ կհաղորդվի ՀՀ-Իտալիա իրավապահ համագործակցությանը. Արթուր Նահապետյանը ընդունել է դեսպան Ֆերրանտին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Կոմիտեի նախագահը, անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերություններին, նշել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից ի վեր Իտալիայի դեսպանատան հետ շարունակական աշխատանքներ են տարվել համագործակցության օրակարգի ընդլայնման նպատակով: Այդ տեսանկյունից հատկապես կարևորվել է Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացումը, ճանաչողական այցերի իրականացումը Իտալիա՝ համանման գործառույթներ իրականացնող կառույցների հարուստ փորձին տեղում ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի ֆինանսական գվարդիայի միջև կնքված փոխըմբռնման հուշագրին և դրա շրջանակներում մի շարք արդյունավետ միջոցառումների իրականացմանը: Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հույս է հայտնել, որ Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության արդյունքում Կոմիտեի ծառայողները հետագայում ևս կշարունակեն ծանոթանալ ու տեղայնացնել իրավապահ ոլորտում հարուստ փորձ ունեցող իտալացի գործընկերների մոտեցումներն ու նրանց կողմից կիրառվող նորարարական լուծումները:

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին նույնպես բարձր է գնահատել Հակակոռուպցիոն կոմիտեի հետ տարվող արդյունավետ աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել գործընկերային հարաբերություններն ու ընդլայնել համագործակցության ոլորտները:

Ընդգծելով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների անդրազգային բնույթը՝ դեսպանը կարևորել է դրա դեմ պայքարում միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու ջանքերի մեկտեղումը: Դեսպանը միաժամանակ նշել է, որ Իտալիայում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքներից են կրթությունն ու գիտելիքը, արժեքահեն մտածելակերպը:

 

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց շարունակական արդյունավետ համագործակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ միասնական աշխատանքի արդյունքում նոր թափ կհաղորդվի ՀՀ-Իտալիա իրավապահ համագործակցության զարգացմանը:

  • Կիսվել: