հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նոր նախագծում արցախահայությունը նշված է որպես շահառու, իսկ Արցախը շարունակում է ներկայացված լինել հոգաբարձուների խորհրդում. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Նոր նախագծում արցախահայությունը նշված է որպես շահառու, իսկ Արցախը շարունակում է ներկայացված լինել հոգաբարձուների խորհրդում. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերքել է ԶԼՄ-երում տարածված «տեղեկությունն» առ այն, թե Հիմնանդրամի նոր կանոնադրությամբ Արցախը իբրև թե դուրս է թողնված շահառուների ցանկից։
 
Այս առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
 

««Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների կողմից տարածած ««Հայաստան» հիմնադրամի
կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետությունը» վերտառությամբ
տեսանյութի և դրա վերաբերյալ մեկնաբանությունների.

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության նոր նախագծում, ինչպես նաև
գործող կանոնադրությունում արցախահայությունը նշված է որպես շահառու, իսկ Արցախը
շարունակում է ներկայացված լինել հոգաբարձուների խորհրդում: Հիմնադրամի գործող
կանոնադրությունը կարող եք գտնել այստեղ։

Միաժամանակ, հայտնում ենք, որ կանոնադրության նոր նախագիծը մշակվել է՝ այն
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին
համապատասխանեցնելու նպատակով։ Կանոնադրության նոր նախագիծը դեռևս քննարկման
փուլում գտնվող աշխատանքային փաստաթուղթ է, որի վերաբերյալ ստացված բոլոր
առաջարկությունները, այդ թվում նաև պարոն Արտակ Բեգլարյանից ստացվածները,
կներկայացվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամներից բաղկացած
աշխատանքային խմբի քննարկմանը։ Աշխատանքային խմբի կողմից բոլոր առաջարկներն
ամփոփելուց հետո կանոնադրության նոր նախագիծը կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի
քննարկմանը և հաստատմանը։

 

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ Հիմնադրամի շուրջ վերստին անհարկի աղմուկ տարածելուց և
շինծու մեկնաբանություններից։ Միևնույն ժամանակ հորդորում ենք մանրամասն ծանոթանալ
Հիմնադրամի գործող կանոնադրությանը»:

  • Կիսվել: