ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր մանրամասներ՝ Երևանի Շիրակի փողոցում հնչած կրակոցից. կա ձերբակալված, մի քանիսին էլ որոնում են

Նոր մանրամասներ՝ Երևանի Շիրակի փողոցում հնչած կրակոցից. կա ձերբակալված, մի քանիսին էլ որոնում են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են մայիսի 12-ին Շենգավիթ վարչական տարածքի Շիրակի փողոցում տեղի ունեցած վիճաբանության դեպքի մանրամասները, որի ժամանակ հնչել էր կրակոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Շիրակի փողոցի 1-ին շենքի 1-ին նրբանցքի 5-րդ շենքի բակում Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Հրանտ Ա.-ն իր ընկեր Ամոյի և դեռևս չպարզված ևս 3 անձանց հետո վիճաբանել են Տիգրան Անտոնյանի հետ, որի ժամանակ Հրանտ Ա.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել:

 Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, ոստիկանները Հրանտ Ա.-ին Շարուրի փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Հրանտ Ա.-ն որպես կասկածյալ ձերբակալվել է:

Շենգավիթի ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ամոյի և 3 անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 12-ին վիճաբանություն և կրակոց էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչույթան պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ժամանել էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված շենքի դիմաց հայնաբերել էին արնանման հետքեր և «Մակարով» ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։ Դեպքի վայրում աշխատել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանություն և ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը հատկանիշներով։

  • Կիսվել: