չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նոր Հաճնի քաղաքապետի որդին ներկայացել է իրավապահներին. նա ձերբակալվել է

Նոր Հաճնի քաղաքապետի որդին ներկայացել է իրավապահներին. նա ձերբակալվել է

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ աառջ Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի որդին՝ Հայկ Մաթևոսյանը, ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ Նոր Հաճնում 2 քաղաքացու դանակահարելու կասկածանքով որոնվում է Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Մաթևոսյանը:

Հ. Մաթևոսյանը Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի որդին է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 19-ին, դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 31-ամյա Գևորգ Բ.-ն է:Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ «որովայնի առաջային պատի, կտրած-ծակած բութ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները վերադարձել են հիվանդանոց, սակայն բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ա.-ն է:Կարճ ժամանակ անց ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ պարզել էին, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հայկ Մ.-ն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ էր հասցրել Գևորգ Բ.-ին և Նարեկ Ա.-ին: Գևորգ Բ.-ն «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: