շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նոր Ամանոս համայնքում մանկապարտեզ է բացվել

Նոր Ամանոս համայնքում մանկապարտեզ է բացվել

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր այցելել է Նոր Ամանոս համայնք, մանկապարտեզի բացման առթիվ շնորհավորել է համայնքի բնակիչներին, ապա համայնքի ղեկավար Վահրամ Ավետիսյանի հետ շրջել է նորակառույց մանկապարտեզի շենքում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, կատարված աշխատանքներին:

Բացման ժապավենը կտրելու պատիվը վստահվել է համայնքի փոքրիկ բնակիչներից մեկին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 33.7 մլն դրամ է: 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի կարիքների համար նաև ֆոտովոլտային կայան է տեղադրվելու: Մանկապարտեզը հիմնվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով:

Հետխորհրդային տարիներից Նոր_Ամանոս համայնքում մանկապարտեզ չի գործել, ծնողները երեխաների առօրյան կազմակերպել են տանը: Երկարատև դադարից հետո համայնքի փոքրիկներն այսուհետ կրկին հնարավորություն կունենան ժամանցային ու զարգացնող խաղեր խաղալ, հասակակիցների հետ շփվել հարմարավետ և բարեկարգ մանկապարտեզում:

Մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա շուրջ 50 երեխա, որոնցից ավելի քան երեք տասնյակը նորամուտը տոնեց այսօր:

 

  • Կիսվել: