հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոբելյան մրցանակ՝ աղքատության դեմ պայքարում նոր մոտեցման համար

Նոբելյան մրցանակ՝ աղքատության դեմ պայքարում նոր մոտեցման համար

Շվեդիայի գիտությունների ակադեմիան հայտարարել է 2019-ի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Նրանք են ամերիկացի տնտեսագետներ Աբհիջիթ Բաներջին եւ Մայքլ Քրեմերը, ինչպես նաեւ Ֆրանսիայում ծնված եւ ԱՄՆ-ում բնակվող տնտեսագետ Էսթեր Դուֆլոն, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրանք արժանացել են մրցանակին՝ աղքատության դեմ պայքարում նոր մոտեցման համար:

Շվեդիայի գիտությունների ակադեմիայի հայտարարության մեջ ասված է. «Այս տարվա դափնեկիրները նոր մոտեցում են ներկայացրել, թե որոնք են աշխարհում աղքատության դեմ պայքարի արդյունավետ ուղիները»:

2019-ին նոբելյան շաբաթի առաջին 5 օրերին մրցանակների են արժանացել գիտության եւ կրթության գործիչներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Բրիտանիայից, Եթովպիայից եւ Ավստրիայից:

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվում 1969-ից: Դրանից մեկ տարի առաջ Շվեդիայի կենտրոնական բանկը Ալֆրեդ Նոբելի հիմնադրամին մրցանակների ֆինանսավորման համար անհրաժեշտ գումար է նվիրաբերել:

Սակայն այլ մրցանակների համեմատությամբ՝ ավելի սահմանափակ է մասնագետների շրջանակը, որոնք իրավունք ունեն թեկնածուների առաջադրել. դրանք են՝ Շվեդիայի գիտությունների ակադեմիան, անցած տարիների մրցանակակիրները, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի եւ Նորվեգիայի համալսարանների պրոֆեսորները:

Շվեդական ակադեմիան, սակայն, հարկ եղած դեպքում թեկնածուների առաջադրմանը մասնակցելու համար անձնական հրավերներ է ուղարկում գիտնականներին:

Նոբելյան մրցանակի ողջ պատմության մեջ տնտեսագիտության բնագավառում միայն մեկ անգամ է մրցանակ շնորհվել կնոջը:  

  • Կիսվել: