երկուշաբթի, հունիս 27
27 / 6 / 2022
Նիկոլ Փաշինյանին կամ նրա ընտանիքի անդամներին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում ՀՀ ոստիկանություն. պարզաբանում է փոխոստիկանապետը

Նիկոլ Փաշինյանին կամ նրա ընտանիքի անդամներին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում ՀՀ ոստիկանություն. պարզաբանում է փոխոստիկանապետը

2021 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը, գրանցվել է 268 հանցագործության դեպք։

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով՝ այս դեպքերից 17-ն ուղարկվել է դատարան, 134-ը կարճվել է,16-ը կասեցվել է, իսկ 101-ը գտնվում է ընթացքի մեջ. գրանցված դեպքերից 20-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։

2022 թվականին, նույն հոդվածի հատկանիշներով, գրանցվել է 240 հանցագործության դեպք, որից 4-ն ուղարկվել է դատարան, 83-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, իսկ 148-ը գտնվում է ընթացթի մեջ. գրանցված դեպքերից 64-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։

«Ընթացակարգերը հետևյալն են՝ այն անձը, ով հանդիսացել է տվյալ հանցագործության օբյեկտ, ում ուղղված է եղել տվյալ հանցագործությունը, անձամբ կարող է դիմել ոստիկանություն կամ ցանկացած իրավապահ մարմին։ Ոստիկանության կողմից ուսումնասիրվում են հնարավոր միջոցները որոնցով հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել, այդ թվում նաև, լրատվամիջոցների կողմից տրամադրված տեղեկատվությունը», - մանրամասնեց Ֆիդանյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա ընտանիքի անդամներին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում ՀՀ ոստիկանություն, փոխոստիկանապետն էլ արձագանքեց. «Ոստիկանության ցանկացած աշխատակից, որը կտեսնի հանցագործության վերաբերյալ կոնկրետ իրավիճակ, կարող է համապատասխան ընթացք տալ»։

  • Կիսվել: