ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվել են «Ինքնասպանությունների կանխարգելում և կանխում» թեմայով սեմինար-հանդիպումներ
Ամեն տարի սեպտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը, որի նպատակն է խթանել և աջակցել ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված համընդհանուր գործողությունները: Այս օրը շեշտադրում է հոգեկան առողջության կարևորությունը, նպաստում է խնդրի շուրջ իրազեկության բարձրացմանը և խրախուսում է միասնական պայքարը, որպեսզի յուրաքանչյուր անձ զգա, որ երբեք միայնակ չէ և անհրաժեշտության դեպքում կարող է աջակցություն ստանալ։
Օրվա խորհրդին համահունչ՝ ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի և ՆԳՆ ոստիկանության բժշկական վարչության հոգեբանների համագործակցությամբ, սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում, առցանց ու առկա ձևաչափերով, կազմակերպվել և իրականացվել են «Ինքնասպանությունների կանխարգելում և կանխում» թեմայով սեմինար-հանդիպումներ։
Սեմինարներին ներգրավված էին ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, Ոստիկանության զորքերի, Օպերատիվ կառավարման կենտրոնի, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների արձագանքող ուժերի և ահազանգերի սպասարկման կենտրոնների աշխատակիցները։
Սեմինարների նպատակն էր իրազեկել և բարձրացնել մասնակիցների սթրեսադիմացկունությունը՝ ձևավորելով սթրեսի և հուզական վիճակների կառավարման հմտություններ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում՝ խնդիրների կառուցողական լուծման կարողություններ։
Միջոցառումների ընթացքում խաղարկվել են դեպքի վայրում և ահազանգերի սպասարկման ժամանակ ինքնասպանությունների և ինքնավնասման սպառնալիքի դեպքերում հանդիպող հիմնական խնդիրների ու առանձնահատկությունների հետ առնչվող իրավիճակներ, ներկայացվել են գործնական մոտեցումներ՝ արտակարգ իրավիճակներում արդյունավետ արձագանքման և հնարավոր վտանգների չեզոքացման համար, միաժամանակ տրամադրվել գիտելիքներ և գործիքներ, որոնք կօգնեն կանխարգելել ինքնասպանությունների դեպքերը և համապատասխան արձագանք ապահովել։
Հոգեբանների կողմից ներկայացվել են նաև դեպքի վայրում և ահազանգերի սպասարկման ընթացքում կիրառվող օգնող տեխնիկաներ և արտահայտություններ, որոնք նպաստում են ինքնավնասման մտքեր ունեցող քաղաքացու հետ առաջնային կոնտակտի հաստատմանը և վստահության ձևավորմանը, հնարավոր ռիսկերի նվազեցմանը և տուժածներին արդյունավետ աջակցության ցուցաբերմանը։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն են ունեցել օգտվել ռելաքսացիոն սարքավորումներից, ինչը նպաստում է սթրեսի կառավարման տեխնիկայի ձեռքբերմանը։
Միջոցառման ավարտին քննարկվել են հետագա համագործակցության և մասնագիտական հմտությունների զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր, որոնք թույլ կտան արտակարգ իրավիճակներում ապահովել առավել համակարգված և արդյունավետ արձագանք։