երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել ՃՏՊ-ների թեմայով աշխատանքային խորհրդակցություն

ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել ՃՏՊ-ների թեմայով աշխատանքային խորհրդակցություն

Օգոստոսի 11-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Ներկա էին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, Ճանապարհային ոստիկանության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավար անձնակազմը։
Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը ներկայացրեց այս տարվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը՝ ըստ զոհերի և վիրավորների քանակի։
Օպերատիվ կառավարման կենտրոնի պետը ներկայացրեց նաև մայրաքաղաքում և մարզերում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների առավել խոցելի վայրերը՝ միջպետական ճանապարհները, պողոտաները, փողոցները։
Արայիկ Առաքելյանն իր խոսքում անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելուն և նախականխելուն ուղղված միջոցառումների պարբերականությանը։
Նրանք անդրադարձ կատարեցին ճանապարհատրանսպորտային պատահարների, մասնավորապես՝ վրաերթերի, ինքնավթարների, երկու և ավելի տրասպորտային միջոցների բախման դրդապատճառներին։
Քննարկելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները՝ ներկաները վեր հանեցին ճանապարհների լուսավորության, գծանշումների, հետիոտների ոչ սահմանված վայրերով անցնելու և մի շարք այլ խնդիրներ։
Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու հարցում կարևորվել է նաև քաղաքացիների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ վարորդների և հետիոտների պատասխանատու վերաբերմունքը։
Առկա խնդիրների վերացմանն ուղղված հարցերի շուրջ ծավալվեց առարկայական քննարկում։
Խորհրդակցության ավարտին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը տվեց հստակ հանձնարարականներ։

  • Կիսվել: