երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ներքին Հանդի դպրոցում լսվում է հակառակորդի զրույցը. Թաթոյանը` Սյունիքում առկա վիճակի մասին

Ներքին Հանդի դպրոցում լսվում է հակառակորդի զրույցը. Թաթոյանը` Սյունիքում առկա վիճակի մասին

 Սեպտեմբերի 13-14-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքի մարզի Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերի տները, գերեզմանոցները, դպրոցը, արոտավայրերն ու վարելահողերն ամբողջությամբ ադրբեջանական ԶՈւ–ի թիրախի տակ են հայտնվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Այստեղ թիրախավորված են և՛ քաղաքացիական տները, և՛ արոտավայրերը, և՛ ճանապարհը, և՛ վարելահողերը։ Մեր այնտեղ եղած ժամանակ էլ բարձունքում` ՀՀ օկուպացված տարածքում, տեղակայված էր ադրբեջանական տեխնիկան և ակտիվ աշխատանքներ էին իրականացնում։ Ներքին Հանդում էլ ենք եղել, և այնտեղի դպրոցի անմիջապես վերևում գտնվում է ադրբեջանական դիրքը։ Այդ օրը ադրբեջանցիները գոռգոռում էին կամ բարձր էին խոսում և դպրոցի մոտ ամբողջը լսվում էր»,– նշեց Թաթոյանը։

Նա ընդգծեց, որ Ներքին Հանդի գերեզմանոցի վերևի հատվածում էլ հակառակորդը դիրք ունի։ Տեղի բնակիչները Թաթոյանին վստահեցրել են, որ ադրբեջանցիներն իջնում են ներքև` դեպի գերեզմանոց, ինչի պատճառով ՀՀ քաղաքացիները զրկված են իրենց հարազատների շիրիմներին մոտենալու հնարավորությունից։
Ե՛վ Սրաշենում, և՛ Ներքին Հանդում բնակիչները չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել` խոզապահությամբ առհասարակ այլևս չեն զբաղվում, խոշոր եղջերավորների գլխաքանակն էլ 70-ով է կրճատվել։
«Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչների` այնտեղ գտնվելու պահին տեղեկացրել են, որ բնակիչներից մեկի 3 կովը սատկել է ականի վրա պայթելու հետևանքով։

  • Կիսվել: