ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Առաջընթաց` անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Առաջընթաց` անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Ապրի Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Առաջընթաց` անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին:

Միջոցառումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում նախարարը խոսել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունների ու գերակայությունների մասին, ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներն ու ոլորտում առկա մարտահրավերների լուծման եղանակները։

Անդրադառնալով տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ վերջիններիս առաջնային կարիքների բավարարումը շարունակում է լինել պետության քաղաքականության առանցքում և որ նրանց անհրաժեշտ կենսապայմանների ապահովման ուղղությամբ շարունակվում են տարվել անհրաժեշտ աշխատանքներ․ բանախոսը նաև մանրամասներ է ներկայացրել գործընթացի իրականացման վերաբերյալ։

Նախարարի խոսքով՝ տեղահանված անձանց կարիքները շարունակվում են հաշվառվել Միասնական սոցիալական ծառայության կողմից՝ այս նպատակով գործարկված հարթակների միջոցով։

Ի պատասխան տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ վերջիններիս կայուն աշխատանքով ապահովումը նախարարության առաջնային հարցերից է, և այս նպատակով առաջիկայում կգործարկվեն նոր ծրագրեր։

Վերջինս նշել է, որ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները շարունակում են հաշվառել և համապատասխան աշխատանք առաջարկել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր ՀՀ-ում առկա թափուր աշխատատեղերին կարող են ծանոթանալ նաև առցանց եղանակով՝ workforall.am հարթակի միջոցով։

  • Կիսվել: