երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման ուղղությամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումներն ու շեշտել նրանց համար արժանապատիվ կյանք ապահովելու կարևորությունը։

Անդրադառնալով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարարը խոսել է ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, հաշմանդամություն ունեցող անձանց համար փոքր տների և անկախ կյանքի կենտրոնների ստեղծման անհրաժեշտության մասին։ Նարեկ Մկրտչյանը նաև մանրամասնել է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այս համատեքստում արդյունավետ համարել ԱՍՀ նախարարության նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցած խնամատարության տարածաշրջանային համաժողովի անցկացումը։

Հանդիպման ընթացքում Դունյա Միյատովիչը հետաքրքրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված, հատկապես՝ խոցելի խմբերին մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակով և դրանց որակի բարելավմանն ուղղված աշխատանքներով։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն իր խոսքում շեշտել է վերջիններիս՝ հասարակությունում լիարժեք ներառման անհրաժեշտությունը և կարևորել այս ուղղությամբ ջանքերի մեկտեղումը։

  • Կիսվել: