երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նամակ ուղարկելը կթանկանա (տեսանյութ)

Նամակ ուղարկելը կթանկանա (տեսանյութ)

«Հայփոստ» ընկերության ծառայությունների սակագների վերանայման գործընթացը դեռ շարունակվում է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս նոյեմբեր ամսից ուսումնասիրում է ընկերության ներկայացրած փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտը: Օրինակ, հասարակ փոստային բացիկի, մինչեւ 100 գրամ քաշով նամակի գործող սակագինն այժմ 74 դրամ է, «Հայփոստ» ընկերությունն առաջարկում է 340 դրամ, իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ 230 դրամ: Այսինքն ընկերությունն առաջարկում է բարձրացնել 266 դրամով, ՀԾԿՀ-ն՝ 156-ով:

Արդյոք ընկերությունը կհամաձայնվի Հանձնաժողովի կողմից առաջարկվող սակագներին, հայտնի կդառնա մի քանի օրից: Ի դեպ, ընկերությունն առաջարկում է բարձրացնել հիմնականում ներհայաստանյան փոստային ծառայությունների ու նամակների սակագները:
Մյուս կողմից, «Հայփոստ»-ն առաջարկում է ծանրոցների ու փաթեթների առաքման գները նվազեցնել: Օրինակ, մինչեւ 20 կգ քաշով ծանրոցների առաքման ծառայությունն է մտադիր նվազեցնել, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է դրանց գները թեկուզ չնչին, բայց բարձրացնել: Հասարակ 0-1000 գրամ քաշով ծանրոցի առաքման գործող գինն այժմ 1318 դրամ է, «Հայփոստ»-ն առաջարկում է նվազեցնել՝ հասցնելով 1021 դրամի: Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հակառակը՝ առաջարկում է գործող սակագնից նվազեցնել, բայց առաջարկածից բարձրացնել՝ հասցնելով 1121 դրամի: Տեղեկացնենք, որ ընկերությունը վնասներ է կրում, ինչն էլ փոքր-ինչ մեղմացնելու նպատակով սակագների վերանայման հայտ է ներկայացրել

  • Կիսվել: