հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Նա՝ մեզ, մենք իրեն ենք հուսադրում». Վագիֆ Խաչատրյանը նամակ է ուղարկել ընտանիքին

«Նա՝ մեզ, մենք իրեն ենք հուսադրում». Վագիֆ Խաչատրյանը նամակ է ուղարկել ընտանիքին

Հուլիսի վերջին Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ է ուղարկել ընտանիքին։ Դուստրը՝ Վերան, Վայոց ձորից այսօր հասել էր Երևան, որ ստանա, գրում է azatutyun.am-ը:

«Նամակ գրել ենք, հեռախոսազանգ ենք մեկ անգամ ունեցել օգոստոսի 31-ին: Ճիշտ է՝ շատ կարճ տևեց, բայց դե ունեցել ենք: Շատ բան չի պատմում, շատ կարճ է գրում ինքը, էնքանով, որ ասում է՝ լավ մնացեք, ձեր մասին եմ մտածում, ուրիշ ոչ մի բան չի գրում ինքը», - ասաց Վերան:

«Նա՝ մեզ, մենք իրեն ենք հուսադրում, որ հեռու չէ օրը, երբ տուն կգա», - ասում է դուստրը, որ արդեն երկու ամիս է հորը չի տեսել։

«Վիճակը բավարար է, իրեն լավ է զգում, ասում են, դեղեր է ընդունում, 3-անգամյա սնունդ», - նշեց դուստրը:

68-ամյա Վագիֆ Խաչատրյանը շուտով պետք է կանգնի ադրբեջանական դատարանի առաջ, Բաքուն նրան մեղադրում է պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։

Ադրբեջանցի իրավապահները նրան առևանգել էին Կարմիր խաչի մեքենայից, որը Խաչատրյանին Հայաստան էր տեղափոխում՝ սրտի վիրահատության։ Բաքվում, սակայն, դեռ չեն շտապում վիրահատություն անել։

«Գալիս էր, որ վիրահատվեր, Ստեփանակերտում ասել էին, որ պետք է անհապաղ վիրահատել, դրա համար էր գալիս: Այս պահին դեղեր է խմում, դեռ չգիտեմ հետո կվիրահատեն, թե... ես հուսով եմ, որ կվերադարձնեն», - նշեց Վերան:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաղորդում է, որ օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին այցելել են Բաքվի բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև կապ ապահովել ընտանիքի անդամների հետ։

 

  • Կիսվել: