ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախորդ տարվա համեմատ ունենք սուր շնչառական վարակների 50 տոկոս աճ. 70 տոկոսը երեխաներ են. Եվգենյա Խաչատրյան

Նախորդ տարվա համեմատ ունենք սուր շնչառական վարակների 50 տոկոս աճ. 70 տոկոսը երեխաներ են. Եվգենյա Խաչատրյան

Արդեն երկու շաբաթ է, որ Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում եւ ունենք հիվանդացության աճ՝ սուր շնչառական վարակներով պայմանավորված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վրչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:

«Աճը գրանցվել է ինչպես Երեւանում, այնպես էլ բոլոր մարզերում: Նախորդ շաբաթվա համեմատ 1,1 անգամ աճ ունենք, իսկ նշված ժամանակահատվածը նախորդ տարվա համեմատ 1,5 անգամ աճ ունենք: Դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-18 տարեկանների շրջանում, մոտավորապես 70 տոկոսը, իսկ այդ 70 տոկոսի մեջ գրեթե 50 տոկոսը կազմում են 0-4 տարեկան երեխաները:

Շտապօգնության կանչերի գրեթե 12 տոկոսը կազմում են սուր շնչառական վարակներով կանչերը: Հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 500 պացիենտ, որոնց գրեթե 90 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են»,-ասաց նա՝ հավելելով, որ բուժհաստատությունները ծանրաբեռնված են եւ դիմելիությունը շարունակվում է:

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում այժմ գրիպի շրջանառություն չկա: Այլ շնչառական հիվանդություններից շրջանառում են ռինո վիրուսի, ադենովիրուսի, մետապնեւմո վիրուսի, պարագրիպի եւ ռեսպերատոր սենտիցիալ վիրուսի հարուցիչներ, եւ իհարկե կորոնավիրուսային հարուցիչներ: Թիրախում երեխաներն են, որովհետեւ նրանք ավելի ընկալունակ են սուր շնչառական վարակների նկատմամբ, դրա համար շատ կարեւոր է, որ ծնողը ժամանակին դիմի եւ կանխարգելի, որպեսզի ծանր ընթացք չունենա»,-ընդգծեց Եվգենյա Խաչատրյանը:

  • Կիսվել: