երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է 16 տոկոսով

Նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է 16 տոկոսով

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է շուրջ 16 տոկոսով, ինչը պայմանավորված է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից նրանց գործատուների մոտ ուղղորդելով և աշխատանքի տեղավորելով։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը՝ հավելելով, որ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կազմել է շուրջ 63 հազար քաղաքացի, որից 44 հազարը համարվում է գործազուրկ։

«Զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման պետական մի շարք ծրագրերից 2023 թվականի ընթացքում օգտվել է 3417 անձ։ Նրանցից  3100-ն ընդգրկվել է Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության ծրագրում ՝ այդ թվում՝ 407 հաշմանդամություն ունեցող անձ և 1342 ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների անդամներ»,-մանրամասնեց Հակոբյանը՝ հավելելով, որ մասնավորապես  Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության ծրագրում  ընդգրկվել են շահառուներ 408 համայնքից, արդյունքում  մշակվել է 4246 հեկտար հողատարածք։

Նրա խոսքով՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից գործարկված համապատասխան հարթակում ներկայացված են գործատուների հետ համագործակցության արդյունքում հավաքագրված բոլոր թափուր աշխատատեղերը, որոնց թիվը ներկայում կազմում է ավելի քան 4900, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է, պայմանավորված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկելու հարցում գործատուների դրսևորած ակտիվությամբ։

Ըստ մեր զրուցակցի՝ առկա թափուր աշխատատեղերի մեծ մասը առևտրի բնագավառում են, այնուհետև՝ սպասարկման, արդյունաբերության, շինարարության և հանրային սննդի ոլորտներում։  

  • Կիսվել: