չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դեսպան Արմեն Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնում՝ մայիսի 2-ին

Դեսպան Արմեն Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնում՝ մայիսի 2-ին

Երկարատև և ծանր հիվանդության պատճառով կյանքից հեռացավ Արմեն Սուրենի Սարգսյանը: Նախկին զինվորականն ու դիվանագետն իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքի ծառայությանը՝ ազգային անվտանգության, պաշտպանության և դիվանագիտության ոլորտներում: Ավարտելով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը նա ծառայության անցավ խորհրդային, իսկ անկախության ձեռքբերումից ի վեր ազգային անվտանգության համակարգի հետախուզության և հակահետախուզության մարմիններում:

Այնուհետ ծառայությունը շարունակեց Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչությունում: 1999թ. գնդապետ Սարգսյանը նշանակվեց Չինաստանում, իսկ 2002թ ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ: 2008թ. Արմեն Սարգսյանը նշանակվեց Չինաստանում Հայաստանի դեսպան, միաժամանակ հավատարմագրված լինելով Կորեայում, Վիետնամում, Սինգապուրում և Մոնղոլիայում:

2015թ. Արմեն Սարգսյանը նշանակվեց Բուլղարիայում Հայաստանի դեսպան և իր դիվանագիտական կարիերան ավարտելով այս հանգրվանում: Արմեն Սարգսյանը նաև երաժիշտ էր, ջութակահար: Այս մասնագիտությունն իրեն օգնում էր մշակութային դիվանագիտության կիրառման գործում: Նա հանդես էր գալիս Սոֆիայի կամերային նվագախմբի հետ՝ ներկայցնելով հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Կյանքի վերջին տարիներին Արմեն Սարգսյանը բուժում էր ստանում ԱՄՆ-ում: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Վաշինգտոն քաղաքի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում մայիսի 2-ին ժամը 13: Մայիսի 2-ին, ժամը 19:00-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ:

  • Կիսվել: