ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է հրաժարվենք ընտանիքներով, բարեկամներով, հարևաններով քննական կենտրոններ գնալուց. նախարար

Պետք է հրաժարվենք ընտանիքներով, բարեկամներով, հարևաններով քննական կենտրոններ գնալուց. նախարար

Գտնվում ենք արտակարգ դրության պայմաններում և ընդունելության քննությունները, բնականաբար, անցկացվելու են արտակարգ պայմաններում։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով  քննությունների մասին:

Նա հիշեցրեց, որ այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները կհանձնեն ընդամենը մեկ քննություն, բայց հաշվի են առնվելու նաև այլ գործոններ։ Մասնավորապես՝ օլիմպիադաների մասնակցություն, միջազգային օլիմպիադաների մասնակցություն, միջին գնահատական, մասնագիտական առարկաներից գնահատականներ և այլն։

Նախարարն ասաց նաև, որ ընդունելության քննության օրերն արդեն իսկ նշանակված են։

Արայիկ Հարությանյանը հայտնեց, որ խիստ միջոցներ են ձեռնարկել քննություններն անվտանգ անցկացնելու համար, ստեղծված համաճարակային իրավիճակի պայմաններում ոստիկանությունը և մարզպետարանները հետևելու են, որպեսզի քննական կենտրոններում կուտակումներ չառաջանան։

«Մենք չպետք է թույլ տանք կուտակումներ։ Սա նշանակում է, որ արտակարգ դրության պայմաններում պետք է հրաժարվենք ընտանիքներով, բարեկամներով, հարևաններով քննական կենտրոններ գնալուց։ ՏԻՄ-երը և ոստիկանությունը շատ խիստ միջոցներ են ձեռնարկելու։ Ուստի իմ խնդրանքը, հորդորն ու պահանջն է, որ դիմորդը ունենա առավելագույնը մեկ ուղեկցող, եթե հնարավոր է միայնակ գալ, ապա շատ ավելի լավ կլինի»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ դիմորդին տեղ հասցնելու հետո ուղեկցողը պետք է հեռանա քննական կենտրոնից։

Նախարարը հայտնեց նաև, որ քննություններից մեկ օր առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ծառայությունը կախտահանի քննական բոլոր կենտրոնները, քննական օրերին դիմորդներն ու կազմակերպչական աշխատակազմը պարտադիր կջերմաչափվեն:

«Դիմորդները քննական կենտրոններ պետք է գնան դիմակով, այնտեղ ջերմաչափում կիրականացվի, ձեռքերը կախտահանվեն և կգնան քննական կենտրոն: Մշտական հիվանդություն և ջերմություն ունեցող դիմորդները քննության օրը պետք է ցույց տան հիվանդության մասին ամբուլատոր քարտի քաղվածք: Բարձր ջերմության դեպքում չեն կարող մասնակցել քննության, այս առումով շատ խիստ է լինելու»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Ըստ նրա, եթե բարձր ջերմություն արձանագրվի, ապա դրա մասին տեղեկանքները տրվելու են կենտրոնների բժիշկներին ու կազմակերպիչներին։

Նա նաև հայտնեց, որ քննական կենտրոնների դահլիճներում 1,5-2 մետր հեռավորություն է պահվելու, կենտրոնները նաև օդափոխվելու են։ Դահլիճներում էլ նախորդ տարվա 240-ի փոխարեն այս տարի առավելագույնը 140 դիմորդ է լինելու։

  • Կիսվել: