հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նախաձեռնությունը վտանգավոր է․ Լրագրողական կազմակերպությունները՝ Ալեն Սիմոնյանի՝ ԶԼՄ-ներին տուգանելու նախագծի մասին

Նախաձեռնությունը վտանգավոր է․ Լրագրողական կազմակերպությունները՝ Ալեն Սիմոնյանի՝ ԶԼՄ-ներին տուգանելու նախագծի մասին

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը հնգապատկել։ 

 

«ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով համապատասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի՝ մտահոգություն ու վրդովմունք է առաջացրել հայաստանյան և միջազգային լրագրողական հանրության շրջանում։ Զուտ քաղաքական նկատառումներով առաջ քաշված այս մոտեցումը որևէ կերպ չի կարող նպաստել հայտարարված նպատակների իրագործմանը` անպատասխանատու լրագրության դրսևորումների բացառմանը և քաղաքացիների տեղեկատվական իրավունքների պահպանմանը։

Այս նախաձեռնությունն առավել վտանգավոր է այն իրողության ֆոնին, երբ ամեն ամիս ավելանում են իշխանության ներկայացուցիչների կողմից դատական հայցերն` ընդդեմ լրատվամիջոցների՝ վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով, ընդ որում՝ փոխհատուցման առավելագույն պահանջներով. 1 միլիոն դրամ վիրավորանքի և 2 միլիոն՝ զրպարտության համար։ Ճիշտ է, այդ պահանջները հազվադեպ են ամբողջությամբ բավարարվում, սակայն առկա իրավիճակում փոխհատուցման չափերի հնգապատկումը հստակ ուղերձ կդառնա դատական համակարգի համար և կդրդի ավելի խիստ վճիռների կայացմանն` ընդդեմ ԶԼՄ-ների։

Սրանով կխաթարվի նաև հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքի և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։

Բացի այդ, կանտեսվի ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ․ նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի, հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց կոլապսին։

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն առանց այն էլ ծանր ազդեցություն է թողել լրատվամիջոցների գործունեության վրա։ Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլ նաև` օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։ Քիչ չեն դեպքերը, երբ նաև հիմնավորված քննադատությունն է ընկալվում որպես վիրավորանք կամ զրպարտություն, և փորձ է արվում դատարանի միջոցով «հաշիվ մաքրել» լրատվամիջոցների հետ։

Խնդրո առարկա նախագիծը մտահոգիչ է նաև այն համատեքստում, որ վերջին ամիսների ընթացքում հաճախակի են ի հայտ գալիս ԶԼՄ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հիմնված չեն լինում իրավիճակի խորը ուսումնասիրությունների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա: 

Նկատի առնելով վերոգրյալը` մենք՝ լրագրողական կազմակերպություններս,

Ազգային ժողովից պահանջո'ւմ ենք.

  • մերժել վերոհիշյալ օրինագծի ընդգրկումը խորհրդարանի օրակարգ և հանել փաստաթուղթը շրջանառությունից,
     
  • նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի և դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ՝ քաղաքական ուժերի, պետական մարմինների, լրատվամիջոցների,
    հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ,
     
     
  • օրենսդրորեն խրախուսել որակյալ լրագրության զարգացումն ու տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները։   

Հայտարարությունը ստորագրել են լրագրողական 10 կազմակերպություն։

  • Կիսվել: