երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին․ Արման Թաթոյան

Մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին․ Արման Թաթոյան

«Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին:

Նա նաև հորդորեց մյուս անգամ չփորձել սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:

«Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՄԻՊ-ին հորդորեց պատգամավորների հետ խոսելիս ուրիշ ձևով խոսել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում նշել էր, որ ՄԻՊ-ի գործունեության մեջ երկակի ստանդարտներ է տեսնում. «Հայաստանում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ ձեր վերաբերմունքը զրոյական է։ Ուզում եմ՝ դուք հստակ  հասկանաք, որ դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ  իշխանությունն է, որի օրոք աշխատել եք: Ինչպե՞ս է լինում, որ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք ձեր վերաբերմունքը այս ամբիոնից մեր գործընկերոջ հնչեցրած տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին:

Սա հստակ արժանանալու է քաղաքական գնահատականի: Ըստ այդմ, ես որպես ԱԺ պատգամավոր շատ դեպքերում  ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար: Որպես մարդ, ով սահմանադրությամբ օժտված է Մարդու իրավունքների պաշտպան գործուղել տվյալ հիմնարկ, ուզում եմ տեղեկացնել, որ ավելի խորքային եմ հետեւելու ձեր աշխատանքներին եւ փորձելու եմ օգնության ձեռք մեկնել ձեզ»,-նշել էր պատգամավորը։

  • Կիսվել: