Մյուռոնի օրհնության արարողությունը, որն ավանդաբար 7 տարին մեկ է, այս սեպտեմբերին հավանաբար տեղի կունենա Էջմիածնի Մայր տաճարում
Մյուռոնի օրհնության արարողությունը, որն ավանդաբար 7 տարին մեկ է, այս սեպտեմբերին հավանաբար տեղի կունենա Էջմիածնի Մայր տաճարում։ Հենց այդ օրը տաճարը կրկին կբացի դռները՝ նորոգված, թարմացած ու ամրացած, գրում է Radiolur-ը։
Ուղիղ 10 տարի Մայր տաճարում հետազոտական, նախագծման ու շինարարական աշխատանքներ էին։ Դրանք արդեն ավարտական փուլում են։ Վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետն իբրեւ կատարված աշխատանքի գնահատական ուզում է լսել, որ «շինարարության 5 տարիների ընթացքում տաճարում ոչինչ չի արվել»։
Իրականում հսկայական աշխատանք է կատարվել պահպանելու համար եկեղեցու այն տեսքը, որը կար մինչ հիմնանորոգումը․
«Սյուներն օրհասական վիճակում էին, կամարները նույնպես։ Տաճարի խաչը բզկտված էր՝ պարսկական արշավանքների պատճառով։ Մենք ստացանք առաջադրանք, որ որմնանկարները հանվեն սյուներից ու նորից տեղադրվեն նույնությամբ։ Աշխատանքն ավարտված է 90 տոկոսով»։ Տաճարի 12 սրահներից 4–ը պատրաստ են, պատրաստ են նաեւ 4 խորանների որմնանկարները։ «Մինչեւ Մյուռոնօրհնեք կավարտենք աշխատանքը»,-ասում է որմնանկարիչը։
Պատմում է, որ վերջին անգամ տաճարը հիմնովին վերանորոգվել էր 1954-55 թվականներին։ Այդ ժամանակ կտավի վրա արված որմնանկարները սվաղի շերտով ծածկվել էին, այսօր մաքրվել են սվաղից ու առանձին ստենդով կներկայացվեն թանգարանում։ Օդափոխության նոր համակարգը որմնանկարները կպաշտպանի խոնավությունից։ Սվաղի տակից որմնանկարներ են հայտնաբերվել… Էջմիածնի Մայր Տաճարն աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է, Ագաթանգեղոսի վկայությամբ՝ կառուցել է Գրիգոր Լուսավորիչը Տրդատ երրորդի օժանդակությամբ քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո՝ 302-303 թվականներին։ Ճարտարապետն ասում է՝ ոչ միայն պատմական փաստերը, այլ նաև ուսումնասիրություններն են հերքում վարկածը, թե տաճարը սկզբում բազիլիկ է եղել։ Վարկածներից մյուսը, թե եկեղեցին կառուցված է բուժիչ ջրհորների վրա, զրուցակիցս ոչ միայն հաստատում է, այլև բացահայտում՝ այդ ջրհորներից երկուսը հենց Մայր Տաճարի ներսում են։
«Ջրհորների համակարգի վրա է կառուցված եկեղեցին։ Որոշել ենք կափարիչը փոխարինել ապակիով ու ներսում լուսավորություն անել։ Դեղ դարման են ընդունում, գալիս տանում են հիվանդի համար տանում»։
Մայր տաճարում նաեւ վիճահարույց պատկերներ կան։ Պատմություններից մեկի համաձայն՝ եկեղեցու պատերից մեկին Շահ Աբասի պատկերն է։ Ժամանակին Շահը մտադրություն է ունեցել Տաճարը քանդել ու տեղափոխել Սպահան։ 15 քար հասցրել է , եւ դրանք այժմ Հին Ջուղայում են։ Տեղափոխումը կանխելու համար որոշում է կայացվել մեկ գիշերում Շահի պատկերը դրոշմել պատին, որ որևէ մեկի ձեռքը չբարձրանա տաճարի վրա։
«Անտոն Չելեպիի պատկերն է, որը աջակցել է տաճարի կառուցմանը։ Նա խոշոր առեւտրական է եղել, բայցի այդ, դա չալմա չէ գլխին, այլ գլխարկ ու չէր կարող պարսկական լինել»։
Ճարտարապետն ասում է՝ հիմնանորոգումն արվել է բարձր որակով, շաղախային նյութերը բերվել են Իտալիայից, այժմ սալիկապատման աշխատանքներ են իրականացվում։ Իսկ խորհրդանշական գործն արդեն արված է՝ խաչերը տեղադրված են․երկուսը բրոնզաձույլ են՝ հնի նմանությամբ, մյուսները վերականգնված։
«Երբ թմբուկի վրա խաչը բարձրացրեցինք՝ Տաճարը փառավորվեց, շրջակայքն ու մարդիկ կարծես՝ նույնպես»։