կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մսի իրացման շուկայում շարունակվում է ուժեղացված վերահսկողությունը. ՍԱՏՄ

Մսի իրացման շուկայում շարունակվում է ուժեղացված վերահսկողությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է սեպտեմբերի 2-րդ կեսից սկսված խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը:

Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության մասնագետների ու Երևանի և Սյունիքի մարզային կենտրոնների տեսուչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների թարմ միս-մսեղիքի իրացման տաղավարներում խախտումներ չեն արձանագրվել. ամբողջ մսեղիքի համար ներկայացվել է սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը:

Գորիս քաղաքի մսի իրացման տաղավարներից մեկում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 22 կգ միս, որը հանվել է վաճառքից և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման: Խախտումներ են արձանագրվել նաև Սիսիանի մի շարք իրացման կետերում։

Ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է:

«Հորդորում ենք սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող/մատուցվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է»,-ասվում է ՍԱՏՄ-ի հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: