կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մշակութային տուրիզմի զարգացման հարցերը՝ նախարարի տեղակալների և GIZ-ի ներկայացուցչի հանդիպման օրակարգում

Մշակութային տուրիզմի զարգացման հարցերը՝ նախարարի տեղակալների և GIZ-ի ներկայացուցչի հանդիպման օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային քննարկում են ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում՝ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոյի հետ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է GIZ-ի աջակցությամբ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ այդ առումով GIZ-ը շատ լավ օրինակ է և առաջատար դերակատարում ունի, այդ թվում՝ այլ կազմակերպությունների հետ համագործակցության տեսանկյունից:

Փոխնախարարն ընդգծել է նաև Գիտության կոմիտեի հետ GIZ-ի համագործակցությունը և ներկաներին տեղեկացրել, որ նախօրեին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը, ինչի արդյունքում հայ գիտնականները կօգտվեն ԵՄ համագործակցության ծրագրից:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև մշակույթի ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ փոխգործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ մշակութային ժառանգության, ստեղծարար արդյունաբերության և ժամանակակից արվեստի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հատկապես կարևորել է մշակութային տուրիզմի ուղղությամբ համագործակցությունը՝ ներկայացնելով մշակույթի ոլորտում պետության առաջնահերթությունները: Հանդիպման ընթացքում կարևորվել է մշակութային կազմակերպությունների տոմսային տնտեսության արդիականացմանն ուղղված ժամանակակից գործիքակազմի ներդրման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նաև շրջակա միջավայրի հետ կապված մշակութային ժառանգությանն առնչվող խնդիրներին և համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորություններին: ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում՝ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն իր հերթին կարևորել է կլիմայի փոփոխությունների ծրագրի մասով ՀՀ ԿԳՄՍ, Էկոնոմիկայի նախարարությունների և Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության հարցը:

Փոխնախարարները շեշտել են մշակույթի հանրահռչակման և ոլորտի շահակիցների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցերը՝ կարևորելով զարգացման գործընկերների ակտիվ ներգրավվածությունը և այդ խնդիրների շուրջ շարունակական երկխոսությունը:

  • Կիսվել: