շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դարձել է Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի գործընկեր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դարձել է Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի գործընկեր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դարձել է Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) գործընկեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

ICPEN-ը միջազգային հարթակ է, որը միավորում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի իրավասու կազմակերպությունների աշխարհի 70 երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով (UNCTAD), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD), Եվրոպական հանձնաժողով և այլն:

Համաշխարհային նման հարթակին մասնակցությունը բացառիկ նշանակություն կունենա ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից՝ ոլորտի միջազգային լավագույն փորձի փոխանակման և անդամ երկրների հետ արդյունավետ փոխգործակցության զարգացման հնարավորություններ ստեղծելով:

Գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար հավակնորդ մարմինը պետք է ստանա կազմակերպության նվազագույնը 5 անդամների աջակցությունը, միաժամանակ որևէ անդամի կողմից առարկություն չպետք է ներկայացվի:

ՄՊՀ-ն աջակցություն է ստացել թվով ութ անդամներից և ձեռք բերել գործընկերոջ կարգավիճակ՝ հնարավորություն ստանալով երկու տարի անց անդամակցել կազմակերպությանը: Այդ երկրներն են ԱՄՆ-ը, Զամբիան, Իտալիան, Լեհաստանը, Լիտվան, Կորեան, Հունգարիան, Սինգապուրը:

«Շնորհակալություն եմ հայտնում մեզ առաջադրած բոլոր երկրներին և ICPEN-ի նախագահող Լեհաստանին ցուցաբերած աջակցության համար՝ ակնկալելով արդյունավետ համագործակցություն, ինչպես նաև մեր բոլոր գործընկերներին և ՄՊՀ թիմին՝ ներդրված ջանքերի համար»,-գրել է Գեղամ Գևորգյանը:

 

  • Կիսվել: