ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի թեստերի տրամադրման գործընթացը

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի թեստերի տրամադրման գործընթացը

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Առողջապահության նախարարությունից շուտով կստանա կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության պաշտոնական գրությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։  

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որն իրականացում է փորձարկումները, արդյունքներն ուղարկել է Առողջապահության նախարարություն, որն էլ երեկ արդեն գրությունն առաքել է ինստիտուտ: Պաշտոնական գրությունը ստանալուց հետո սկսվելու է մեր թեստերի տրամադրումը նախարարությանը, որն էլ կբաշխի լաբորատորիաներին»,- նշեց նա։

Նրա խոսքով՝  արդեն ունեն պահեստավորված 6 հազար թեստ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան դրանք անմիջապես մատակարարել։

Արսեն Առաքելյանն ասաց, որ նախապես հայտարարվել էր՝  օրական 2000 թեստ  կարող են արտադրել,  սակայն անհրաժեշտության դեպքում այդ ծավալը կարող են ընդլայնել։

Հարցին, թե արդյոք որակական առումով այդ թեստերը չե՞ն զիջում ներկրվածին, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը նշեց, որ պաշտոնական փորձարկումները կհրապարակեն համապատասխան գրությունը ստանալուց հետո. «Ինչ վերաբերում է նեղ լաբորատոր փորձարկումների արդյունքներին, եթե համեմատենք ներկրված թեստերի հետ, ապա ստացել ենք 98 տոկոս ճշտություն»։

ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը նշեց նաև, որ իրականացնում են մեծ քանակությամբ հետազոտություններ՝ ուղղված հակավիրուսային դեղամիջոցների կամ միացությունների հայտնաբերմանը, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսի բուժման նպատակով:

Ըստ նրա, հակավիրուսային մեխանիզմների ուսումնասիրությունների գիտական խումբը՝  Հովակիմ Զաքարյանի ղեկավարությամբ, արդեն կարողացել է իդենտիֆիկացնել մի քանի միացություն, որոնք ունեն լավ խնամակցություն վիրուսի սպիտակուցների հետ:

«Սա թույլ է տալիս եզրակացնել, որ այդ միացությունները կկարողանան ճնշել վիրուսի ներթափանցումը բջիջ: Իհարկե, արդյունքից մինչև կիրառություն դեռ երկար ճանապարհ կա: Սրանք հիմնարար գիտական հետազոտություններ են, մենք այս պահին չունենք դեղամիջոցներ, որոնք կարող ենք առաջարկել, որպես բուժման միջոցներ»,- ընդգծեց Արսեն Առաքելյանը։

Նա նաև հայտնեց, որ ինստիտուտի պլանավորած գիտական հետազոտություններն իրենց հունով շարունակվում են, դրանք վերաբերում են տարբեր հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, հետազոտություններ, որոնք ուղղված են նոր ախտորոշիչ թեստերի, դեղամիջոցների մշակմանը:

Անդրադառնալով արտահանման հնարավորությություններին և դրսի արձագանքին, ինստիտուտի տնօրենն ասաց, որ իրենք այս ամբողջ ընթացքում համագործակցել են արտասահմանյան գործընկերների հետ, սակայն այս պահին արտահանման հարցեր ընդհանրապես չեն քննարկում։

«Այն թեստերը, որոնք մենք արտադրում ենք, բավականաչափ երկար սերտեֆիկացիայի և գրանցման փուլ պետք է անցեն։ Այս պահին այդ օրենսդրությունը չի գործում, ենթաօրենսդրական նորմեր են ներդրվում ախտորոշիչ  թեստերի մշակման ու սերտեֆիկացիայի համար»,- ընդգծեց նա։

Հարցին, թե արդյոք հակամարմինների թեստեր ստեղծելու մասին մտածում են, Արսեն Առաքելյանն ասաց, որ ներուժ ունեն, բայց այս պահին ավելի կարևոր է  ունենալ ախտորիչ թեստեր։

  • Կիսվել: