երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄՄԿ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանին․ ՆԳ նախարարն ընդունել է տարածաշրջանային տնօրենին

ՄՄԿ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանին․ ՆԳ նախարարն ընդունել է տարածաշրջանային տնօրենին

ՄՄԿ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին․ ՆԳ նախարարն ընդունել է կազմակերպության տարածաշրջանային տնօրենին

 

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆացիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների արդյունքում շուրջ հարյուր հազար մարդ՝ ներառյալ կանայք, երեխաներ, տարեցներ, զրկվել է հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքից և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի տակ բռնի տեղահանվել Հայաստանի Հանրապետություն։ Նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով միջազգային կազմակերպության հումանիտար բնույթը և իրականացվող հումանիտար ծրագրերը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը, ուժի կիրառման քաղաքականության հետ մեկտեղ, պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող աշխատանքները` բռնի տեղահանված անձանց գրանցման, կեցության վայրով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու ուղղությամբ, նաև շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին` աջակցության համար։

Մանֆրեդ Պրոֆացին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքներն ու պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը։

Կազմակերպության տարածաշրջանային տնօրենը նշել է, որ հաշվի առնելով ճիշտ հաշվառումների ու վիճակագրական տվյալների կարևորությունը հետագա գործընթացների համար՝ կազմակերպությունը աջակցել և աջակցելու է ՀՀ կառավարությանը ճշգրիտ հաշվառումներ իրականացնելու հարցում և դիտարկում է նաև կացարանների տրամադրման և մնացյալ խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությանն օժանդակելու վերաբերյալ հարցեր։

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

 

  • Կիսվել: