կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԻՊ-ը «Ակվատեկի» մասով հրապարակման տեքստից հանել է թյուրըմբռնում առաջացրած արտահայտությունը

ՄԻՊ-ը «Ակվատեկի» մասով հրապարակման տեքստից հանել է թյուրըմբռնում առաջացրած արտահայտությունը

Ի լրումն Մարդու իրավունքների պաշտպանի՝ ««Ակվատեկում» տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրության արդյունքները» վերտառությամբ հրապարակման՝ http://cuts2.com/LIfVr, պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ հասարակության կողմից թյուրըմբռնում առաջացրած «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է» արտահայտությունը տեքստի չորրորդ պարբերությունից հանվել է՝ նկատի ունենալով այն, որ ՄԻՊ-ը կարևորում է տեղեկատվության փոխանցման այնպիսի մեթոդաբանությունը, որը չի ձևավորի զգայուն թեմաների առնչությամբ թյուրըմբռնում:
 
Թեմայի առնչությամբ ՄԻՊ-ի հայտարարությունը՝ ստորև.
 
«Պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պատշաճ իրացումը հավասար հիմունքներով։ Այդ հանգամանքը բազմիցս արձանագրվել է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում, այնպես էլ նշված դեպքի կապակցությամբ Պաշտպանի կողմից տարածված հաղորդագրություններում: Մատչելիության սկզբունքն, ինքնին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար հավասար հնարավորությունների ապահովման ու խտրականության բացառման նպատակ է հետապնդում։
 
Որպես կոնվենցիոն ընդհանուր ու հիմնարար սկզբունք՝ մատչելիության սկզբունքից բխում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, հանրությանը մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների մատչելիությունը՝ երաշխավորելով դրանց արդյունավետ ու հավասար հիմունքներով հասանելիությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգանքը։ Մատչելիության մերժումը խտրականության դրսևորում է։
 
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդծում է, որ պետությունը պետք է պատշաճ քայլեր ձեռնարկի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու համար: Այդ նպատակով պետությունը պետք է իրացնի համապատասխան կառուցակարգեր, որպիսի հարցերը բազմիցս ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Ավելին, միջադեպն ազդակ է հանդիսացել Պաշտպանի կողմից իրավասու մարմիններին խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնելու և այդ առնչությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկելու պահանջով դիմելու համար:
 
Ընդ որում, վերը նշված չափանիշների պահպանումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններին:
 
Ինչ վերաբերում է նախորդ հաղորդագրության շրջանակներում օգտագործված «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է» ձևակերպմանը, հարկ ենք համարում արձանագրել, որ այն օգտագործվել է ոչ թե ընդհանրապես մատչելիության խնդիրները խտրականության արգելքի սկզբունքից դուրս դիտարկելու, այլ կոնկրետ անձանց նկատմամբ ընկերության աշխատակիցների վերաբերմունքը մատնանշելու նպատակով՝ նկատի ունենալով սույն միջադեպի հանգամանքները և այդ առնչությամբ տարածվող տարատեսակ հրապարակումները:
 
Շնորհակալություն ենք հայտնում թյուրըմբռնման մասին բարձրաձայնած բոլոր գործընկերներին»:

  • Կիսվել: