հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մինչև երկու տարեկան երեխայի նպաստը կավելանա. Փաշինյան

Մինչև երկու տարեկան երեխայի նպաստը կավելանա. Փաշինյան

Թեեւ առաջին կիսամյակը դեռ չի ավարտվել, բայց արդեն կարող ենք ասել, որ հարկային եկամուտների առաջին կիսամյակի պլանը գերակատարել ենք 47 մլրդ դրամով: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց. ՛՛Նաեւ ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունենք ստանալու, մոտ 10 մլրդ-ից ավելի: Այսինքն վստահ ենք, որ կիսամյակի պլանը 60 մլրդ դրամով կգերակատարենք: 2023-ի հունվարից կբարձրանան կենսաթոշակները: Կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում, որը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ՛՛:

Բացի այդ՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշել են մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստը չափը ավելացնել՝ 28 600 դրամից հասցնելով 30 700 դրամի:

՛՛Գյուղական բնակավայրերում կրկնակի է այդ գումարը, այսինքն՝ հունվարի 1-ին գյուղական բնակավայրերում մինչեւ երկու տարեկան երեխայի նպաստը կկազմի 61 հազար դրամ»,-պարզաբանեց վարչապետը:

Իր հերթին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ճշգրտեց, որ աշխատող մայրերի համար այդ նպաստը ոչ թե 30 700 է, այլ 34 հազար դրամ է, բացի այդ՝ 2023-ի հունվարից սկսած, եթե մայրը որոշում է ժամկետից շուտ դուրս գալ աշխատանքի, այդ նպաստը չի կտրվելու:

Խոսելով  ապրանքաշրջանառության մասին՝ Փաշինյանն ասաց, որ այս տարվա 5 ամիսներին Հայաստանում ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 800 մլրդ դրամով, ինչը մոտ 2 մլրդ դոլար է:

՛՛Ենթադրենք՝ դրանից հանենք 20 տոկոսը, համարելով դա գնաճի արդյունք: Սա նշանակում է, որ 1,7 մլրդ դոլարի լրացուցիչ առեւտրաշրջանառություն ենք ունեցել: Եթե սրան գումարում ենք աշխատատեղերի աճը, աշխտավարձի աճա, ապա կարող ենք արձանագրել, որ 7 տոկոս տնտեսական աճը հանդարտ կապահովեք՛՛,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: