ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակ մայրաքաղաքի ճանապարհների բոլոր գծանշումները կթարմացվեն

Մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակ մայրաքաղաքի ճանապարհների բոլոր գծանշումները կթարմացվեն

Երևան քաղաքում մեկնարկում են գծանշումների թարմացման աշխատանքներ: Ըստ կազմված ժամանակացույցի՝ աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին, և արդյունքում մայրաքաղաքի ճանապարհային գծանշումներն ամբողջությամբ թարմացված կլինեն: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին:

Կենտրոն վարչական շրջանում աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան վարչական շրջաններում՝ նոյեմբերի ընթացքում, իսկ Արաբկիրում, Շենգավիթում, Նուբարաշենում, Դավթաշենում, Աջափնյակում, Նորք-Մարաշում և Էրեբունիում՝ դեկտեմբերի առաջին տասնօրյակում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով գծանշումների թեմային, առաջարկեց, որ տենդեր շահած, ճանապարհի սպասարկում իրականացնող ընկերությունները կատարեն նաև ճանապարհային գծանշումներ: Առաջարկը մյուս տարի կիրականացվի պիլոտային ծրագրի շրջանակում:

Նաև զեկուցվեց, որ հաջորդ տարվանից գծանշումները տերմոպլաստով են արվելու:

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցվեց նաև 250 էլեկտրաավտոբուսների ձեռքբերման գործընթացի մասին: Հայտն արդեն իսկ ներկայացվել է ՎԶԵԲ-ին, կա նախնկական համաձայնություն: Ակնկալվում է, որ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում ՎԶԵԲ-ի կողմից վերջնական համաձայնություն կլինի:

Միևնույն ժամանակ հարցը ներկայացվել է Կառավարություն, քանի որ անհրաժեշտ է նաև գործադիրի արձագանքը ՀՀ-ի կողմից ձեռք բերվելիք ավտոբուսների մասով համաձայնություն տրամադրելու հարցում: 

  • Կիսվել: