հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի. Փաշինյան

Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի. Փաշինյան

Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը:

Նա նաև ասաց, որ ընդհանուր առմամբ պետք է ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով, 20-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, 7-նապատկել միջին աշխատավարձը:

«Այսօր կան բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց աշխատանքով ի վիճակի չեն հոգալ իրենց ծախսերը»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, հաջորդը մինչեւ 2050 թվականը մեկ շնչի հաշվով պետք է ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակը, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը։

«Սովորելը պետք է դարձնենք ազգային ապրելակերպ, բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում տեղ գտնի առնվազն 3 հայկական բուհ, Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Ունենանք 10 մլրդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ առնվազն 10 հազար աշխատող ստարտափ:

Ունենանք առողջ շրջակա միջավայրով, կլիմայադիմացկուն եւ էներգաարդյունավետ  Հայաստան: Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ: Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Նվաճենք շախմատի աշխարհի անհտական չեմպիոնի կոչումը: Հայաստան այցելով զբոսաշրջիկների թիվը հասցնենք 15 մլն-ի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով ԵՊԲՀ ուսանող Համլետ Թորոսյանը հարցին, թե պետությունը ի՞նչ կարող է անել միջազգային կրթական և գիտական միջոցառումներին ուսանողների մասնակցության աստիճանի բարձրացման առումով, քանի որ, ըստ ռազմավարության, նախատեսվում է երեք բուհ ունենալ լավագույն 200-յակում, վարչապետն ասաց, որ թիրախ պետք է ձևակերպել։

Օրինակ, ըստ նրա, առաջիկա հինգ տարվա ընթացքում օտարերկրյա բուհերում սովորող ՀՀ քաղաքացի-ուսանողների թիվը պետք է դառնա 3000:

« Հաջորդ քայլը խնդիրների ձևակերպումն է, թե ինչու է, որ այսօր օտարերկրյա բուհերում կա սովորող 1000 և ոչ թե ավելի ուսանող:

Կարող է պարզվել, որ մեր դպրոցական ծրագրերն են պրոբլեմ, որովհետև այդ օտարերկրյա բուհերում սովորելու համար TOEFL պետք է հանձնեն: Մեր դպրոցականներն ավարտելուց հետո են իմանում, որ նման բան կա, և, հետևաբար, Կրթության նախարարությունը պետք է ընդունի լուծումներ, կրթության չափորոշիչներ, առարկայական ծրագրեր, որտեղ կձևակերպի, թե մենք ինչ փոփոխություն պետք է անենք, որ լուծենք այդ խնդիրը, որ դպրոցականները պատրաստված լինեն միջազգային բուհեր դիմելու և ընդունվելու, որպեսզի մենք այդ թիրախը լուծենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: