ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մինչև 2027 թվականը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 18 մլն գրավոր ժառանգության միավոր կթվայնացնի

Մինչև 2027 թվականը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 18 մլն գրավոր ժառանգության միավոր կթվայնացնի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է թվայնացնել իր ենթակայությամբ գործող գրադարանային մշակութային ժառանգությունը, համալրել գրադարանային հավաքածուները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց՝ գրադարաններում էլեկտրոնային սպասարկման ծրագրերի մշակում, մեխանիզմների ներդնում կլինի:

«Դա նշանակում է, որ մարդկանց գրքերը կարող են հասանելի լինել առցանց տարբերակով և այդ նպատակով մենք տեղադրում ենք սերվերներ, որոնք թույլ են տալիս թվայնացնել ամբողջ բազան ու այն հասանելի դարձնել»,-ասաց նա և հավելեց՝ կարևոր ծրագրերից են նաև թվայնացված գրականության տվյալների շտեմարանի համալրումը, գրավոր ժառանգության թվայնացումն ու շտեմարաններում մուտքագրումը:

Մինչև 2027 թվականը նախատեսվում է  թվայնացնել  18 մլն գրավոր ժառանգության միավոր: Այս պահի դրությամբ այդ թիվը 13 մլն է:  Համայնքներում  նորարարական ստեղծագործական բազմաֆունկցիոնալ միջավայր է ձևավորելու՝ մշակույթի տների և գրադարանների հիմքի վրա՝ համագործակցելով մասնավոր հատվածի հետ:

Փոխնախարարի խոսքով՝ համայնքներում բազմաթիվ գրադարաններ կան, բայց այսօր մարդկանց այցելություններն այդտեղ քիչ են:  Այդ հարցը լուծելու նպատակով զբաղվում են նոր կոնցեպտի մշակմամբ: «Կարող է լինել լոֆթ գրադարան կամ  տարածք, որում կլինի և՛ գրադարան, և՛ մշակութային կենտրոն: Եթե համայնքներում առանձին գրադարանը կամ մշակույթի տունը գուցե թույլ են, հնարավոր է մեկտեղելու  դեպքում, եթե նոր շունչ հաղորդվի, հետաքրքիր բան ստացվի»,-նշեց Քոչարյանը:

Նա կարևորեց նաև ձեռագրական, գրքային և արխիվային հավաքածուների հասանելիության լիարժեք ապահովման նպատակով  արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ որոնողական համակարգերի  կատարելագործումը, համայնքային գրադարանների գույքային հավաքածուների գույքագրումն ու հաշվառումը, գրադարաններում նյութատեխնիկական բազայի ապահովումը, թվայնացնող սարքավորումների ձեռքբերումը, տեխնիկական վերազինումը:

  • Կիսվել: