հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Միջադեպ՝ Օպերայի տարածքում․ տղամարդը պարանոցի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Միջադեպ՝ Օպերայի տարածքում․ տղամարդը պարանոցի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օպերայի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին իրավապահները, քաղաքացիները, դեպքի վայրի հարևանությամբ գործող սրճարանի աշխատակիցներն ու ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ժորա Հավհաննիսյանը ու Հակոբ Կարապետյանը առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա ժամանած շտապօգնության բժիշկները  վիրավորին տեղափոխել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Գյումրի» գարեջրի կոտրված շիշ, որի վրա առկա են արնանման հետքեր։

Ըստ նախնական տեղեկությունների Օպերայի դիմացի կանաչ գազոնում անհայտ անձը շշով հարվածել է հիվանդանոց տեղափոխվածի պարանոցին, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Թունիյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որից հետո քննիչները կժամանեն դեպքի վայր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ 

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կասկածյալի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը օտարերկրացի է։

  • Կիսվել: