կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Միայն ֆինանսավորման ավելացումը ծնելիության խնդիրը չի լուծի, ժողովրդագրական ցուցանիշները չի բարելավի. մասնագետ

Միայն ֆինանսավորման ավելացումը ծնելիության խնդիրը չի լուծի, ժողովրդագրական ցուցանիշները չի բարելավի. մասնագետ

Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնք ունեն ծնելիության ցածր ցուցանիշ: Այս խնդրի շուրջ արդեն երկար ժամանակ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն աշխատում է պետության համապատասխան կառույցների հետ: Տարբեր քննարկումներում առաջնահերթ հարցը հետևյալն է՝ ի՞նչ անել, որ ծնունդների թիվն ավելանա, ժողովրդագրական ցուցանիշները բարելավվեն: Հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը նշեց, որ ներկայացվում է միջազգային լավագույն փորձը, որ հնարավոր լինի մեկ քայլ առաջ լուծումներ տեսնել:

«Մեր երկրում ունենք ներքին չիրացված մեծ ներուժ: Ոչ թե պետք է մտածենք, թե ոնց ֆինանսավորումն ավելացնենք, որ ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն, այլ ներքին ռեսուրսներն օգտագործենք, միջավայրը բարելավենք, որ մարդիկ չարտագաղթեն և ցանկանան մնալ հայրենիքում, ընտանիք ստեղծեն, երեխաներ ունենան: Փորձը ցույց է տալիս, որ պարզապես ֆինանսավորումն ավելացնելով ծնելիության խնդիր չի լուծվի:  Մարդուն անհրաժեշտ պայմանները պետք է բարելավել, որն էլ  կօժանդակի, որ մարդիկ մնան երկրում»-ասաց Մհեր Մանուկյանը:

Խոսելով մարդուն անհրաժեշտ միջավայրի բարելվման մասին, մասնագետը նկատեց, որ բազմաթիվ ուղղություններով մեծ ջանքեր գործադրելու, չիրացված ներուժն օգտագործելու անհրաժեշտություն կա: Մասնավորապես, երկրի համար խնդիր է ամուսնալուծությունը: Այստեղ, ըստ մասնագետի, անհրաժեշտ է շեշտադրել երեխաների դաստիարակությունը, կրթական ծրագրերը, որոնք թույլ կտան հետագայում իրենց կառուցած ընտանիքներն ավելի ամուր դարձնել: 

Մյուսն առողջության հետ կապված հարցերն են: Այսօր Հայաստանում սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ:

«Մենք պետք է համապատասխան կրթական ծրագրեր իրականացնենք, առողջ ապրելակերպն առաջնային դարձնենք, որ երկարակյաց ու առողջ սերունդ ունենանք, որը կարող է ներդրում ունենալ պետության զարգացման գործում, այլ ոչ թե 50 տարեկանից սկսած ճնշման կամ այլ խնդիրներով սկսի ծանրաբեռնվել»,-ասաց Մհեր Մանուկյանը:

Հաջորդը տարեցների հետ կապված հարցն է: Մոտ ապագայում Հայաստանում հասարակության շրջանում ավելի է մեծանալու տարեցների մասնաբաժինը:  Հետևաբար, այսօրվանից արդեն պետք է ենթակառուցվածքները, բժշկական ծառայությունները հարմարեցվեն սպասվող փոփոխություններին:

Մեկ այլ խնդիր է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը: Պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ցուցանիշը 2.1-ն է: Դա թույլ կտա պարզապես վերարտադրել ծնողներին: Այն երկրները, որոնք ունեն հղիության արհեստական ընդհատման բարձր ցուցանիշ, ուրեմն այդտեղ պետք է պարզ վերարտադրողական ցուցանիշը բարձր լինի, որպեսզի այդ բացասական հետևանքները մեղմվեն:

«2022 թվականի տվյալներով Հայաստանում նորածինների սեռերի ցուցանիշը հետևյալն է՝ 111.9 տղա 100 աղջկա դիմաց, ինչը բավական մտահոգիչ ցուցանիշ է: Նախկինում բարելավվել էր, հետո կրկին վատ միտում նկատվեց: Պատճառներն ուսումնասիրվում են»,-ասաց Մհեր Մանուկյանը:

Հաջորդ խնդիրը վերաբերում է անպտղությանը: Ըստ մասնագետի՝ բազմաթիվ զույգեր չեն կարողանում ունենալ երեխա, որովհետև ժամանակին նրանց բավարար գրագիտություն չի փոխանցվել տվյալ ոլորտի վերաբերյալ, առողջ, ապահով սեռական կյանքով չեն ապրել, կամ հղիության անապահով ընդհատումներ են ունեցել: Սա նշանակում է, որ ջանքերը պետք է ուղղել երիտասարդների դաստիարակությանն ու կրթությանը:

Մասնագետը կարևոր է համարում գործազրկության խնդրի մեղմումը: Նրա խոսքով, եթե մեծ թվով մարդիկ ունենային բավարար վարձատրվող աշխատանք, ապա տարիների ընթացքում չէին արտագաղթի:

Ծնելիության խթանման համար կարևոր է համարվում նաև երեխաների խնամքի հաստատությունների, մանկապարտեզների հասանելիությունը, դրանց աշխատաժամանակի վերանայումը, որ մայրերը կարողանան ինչ-որ մի փուլից վստահ վերադառնալ աշխատանքի:

  • Կիսվել: