ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները Լիտվայում մասնակցել են ուսումնական ծրագրի

Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները Լիտվայում մասնակցել են ուսումնական ծրագրի

Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում իրականացված «Լիտվայում երիտասարդության երաշխավորման միջոցառումների իրականացման ներածություն» խորագրով ուսումնական ծրագրին։

Այցի հիմնական նպատակն էր ներկայացնել Երիտասարդության երաշխիքների միջոցառումների նախագծումը, պլանավորումը, իրականացումը և հետագա գնահատումը Լիտվայի Հանրապետությունում և ԵՄ անդամ այլ երկրներում:

Ուսումնական այցին մասնակցում էին կենտրոնական և մարզային վարչակազմերի և երիտասարդների զբաղվածության նախաձեռնություններում անմիջականորեն ներգրավված ներկայացուցիչներ Արևելյան Գործընկերության երկրներից:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը, Կենտրոն և Նորք-Մարաշի տարածքային կենտրոնի տնօրեն Մագդա Գասպարյանը և Վեդու տարածքային կենտրոնի տնօրեն Սասուն Զոհրաբյանը:

Ծրագրի շրջանակներում այցելություններ են կատարվել Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարություն, զբաղվածության պետական ծառայություն, Ալիտուսի քաղաքապետարան և Ալիտուսի կարիերայի տարածաշրջանային կենտրոն, ձեռնարկություններ։
Հանդիպումների ընթացքում ներկայացվել են զբաղվածության պետական ծառայության և ուսումնական կենտրոնների միջև համագործակցության՝ երիտասարդներին աշխատաշուկայի կարիքներին համապատասխան նախապատրաստելու հարցում, մասնագիտական կողմնորոշում ստանալու, մասնագիտական ընտրություն և պլանավորում կատարելու, ինչպես նաև երիտասարդների զբաղվածության վերաբերյալ իրազեկության բարձրացման և տարբեր շահագրգիռ կողմերի հետ կապի կարևորության մասին տեղեկատվություն:

Բացի այդ, ներկայացվել է Շվեդիայում երիտասարդական աշխատանքի գործնական փորձը, ինչպես նաև՝ երիտասարդներին ակտիվացնելուն և երիտասարդ ձեռներեցներին աշխատաշուկայում աջակցություն ցուցաբերելուն ուղղված զբաղվածության ծրագրերը:

Կարևորելով ոլորտի զարգացման գործում միջազգային հաջողված և Հայաստանի համար համադրելի փորձը՝ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանն անդրադարձել է զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղիներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության ջանքերով ստեղծել աշխատանքային խումբ և մշակել նոր ծրագրային առաջարկ՝ միտված զբաղվածության ծառայությունների զարգացմանն ու կատարելագործմանը։
Լիտվայի Հանրապետություն այցը կազմակերպվել է ԵՄ Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության կողմից:

  • Կիսվել: