կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մեզ պետք են 18 մետրանոց 249 ավտոբուսներ. գնվող բոլոր ավտոբուսները ևս պետք է էլեկտրական լինեն. Ավինյան

Մեզ պետք են 18 մետրանոց 249 ավտոբուսներ. գնվող բոլոր ավտոբուսները ևս պետք է էլեկտրական լինեն. Ավինյան

Կարծում եմ՝ հասունացել է այն պահը, որտեղ մենք պետք է կողմնորոշվենք, նաև գնահատենք էլեկտրատրանսպորտի արդյունավետությունը Երևան քաղաքում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 45 նոր տրոլեյբուսներ գնելու հարցի քննարկման ժամանակ։

«Փաստորեն այս գնումը իրականացվել է, մրցույթը իրականացվել է այն վերլուծության արդյունքում, որ տրոլեյբուսները մասնավորապես և էլեկտրատրանսպորտը ընդհանրապես Երևանի համար կարող է շատ արդյունավետ լինել, մանավանդ հիմա, երբ մենք ֆոտովոլտային կայանների շատ մեծ հզորություններ ենք գեներացրել։ Նաև այդ տրամաբանության մեջ, իհարկե, տրոլեյբուսները շատ էֆեկտիվ տրանսպորտային միջոց են։ Նաև մենք քննարկել ենք, որ թերևս պետք է մտածել հետագայում նաև էլեկտրոավտոբուսների ձեռքբերման նպատակահարմարության շուրջ և ինչպես հասկանում եմ՝ այս թեմայով կարծես թե կա ըմբռնում և մեր պլաններում սա նույնպես մի նրբություն է, որին պետք է ուշադրություն դարձնել»,–ասաց նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Մենք այս մի քանի տարիների ընթացքում հասցրել ենք գնել 87 հատ 12–մետրանոց ավտոբուսներ, գնել ենք 562 հատ 8.6 մետրանոց ավտոբուսներ և մինչ այս պահը գնել ենք 30 նոր տրոլեյբուսներ, որոնք իրենց գծերից անջատ կարողանում են հավելյալ 60 կիլոմետր երթևեկել՝ անկախ միացված լինելուց։

Այս նոր 45 տրոլեյբուսների գնումից հետո մեզ մնում է երկու հիմնական գնում շարժակազմին վերաբերող, դա 18 մետրանոց 249 ավտոբուսներն են, որոնք գալու են նաև փոխարինելու մեր հին «Հիգեր» ավտոբուսներին, որոնք արդեն 15-16 տարեկան են։ Նոր ցանցի վերլուծությամբ մեզ ևս 26 հատ տրոլեյբուսներ են պետք գալու։ Այսինքն բոլոր մնացած շարժակազմերը, որոնք որ մենք պետք է ձեռք բերենք, միմիայն այլևս էլեկտրական պետք է լինեն։ Մենք այլևս նույնիսկ չենք էլ քննարկում ներքին այրման շարժիչով կամ նույնիսկ CNG գազով աշխատող շարժիչներով ավտոբուսների կամ տրոլեյբուսների ձեռքբերումը։ Սրանով մենք ամփոփում ենք մեր երթուղային ցանցով սահմանված շարժակազմերի ձեռքբերումը և արդեն անցնում ենք վերջնական մեր կանոնավոր ընթացքին»։

  • Կիսվել: