շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մերի Գալստյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավարին. քննարկվել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Մերի Գալստյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավարին. քննարկվել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիին եւ ժողովրդավարական կառավարման գծով պատասխանատու Նինա Չանթուրիային:

Մերի Գալստյանը, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակներին, շնորհակալություն է հայտնել խորհրդարանական մակարդակում Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցությունը խորացնելու հետաքրքրվածության համար:

Զրուցակիցները քննարկել են եվրոպական հարթակներում փոխգործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, գենդերային հավասարությանը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Այս համատեքստում հայ խորհրդարանականը գործընկերներին տեղեկացրել է, որ 9-ամսյա պաշարումից հետո Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակման եւ էթնիկ զտման քաղաքականության արդյունքում բռնի տեղահանման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը` ավելի քան 105.000 մարդ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է վերաբնակեցման աշխատանքների եւ ԼՂ հայ բնակչության պատշաճ ինտեգրմանն ուղղված հարցերի լուծման ուղղությամբ:

Մերի Գալստյանն անդրադարձ է կատարել նաեւ ՀՀ անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերին, Հայաստանի` խաղաղության օրակարգի սպասարկմանն ուղղված ջանքերին, տարածաշրջանում երկարատեւ կայունության հասնելու` մեր երկրի հանձնառությանն ու աշխատանքներին:

Խորհրդարանականը հյուրերի ուշադրությանն է հրավիրել վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանի ապակառուցողական հռետորաբանության վրա` ընդգծելով միջազգային գործընկերների միջնորդության ու ջանքերի կարեւորությունը:

ԺՀՄԻԳ պատվիրակներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին իրադարձություններով պայմանավորված իրավիճակի շուրջ եւ հույս հայտնել շուտափույթ կայունության ու խաղաղության հասնելու հնարավորության ուղղությամբ: Ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիի պատգամավորին ներկայացրել է խորհրդարանի հետ համագործակցության շրջանակը: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը, ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված իրավական եւ ինստիտուցիոնալ շարունակական աջակցությունը, մարդու իրավունքների օրակարգին վերաբերող հարցեր: Քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության հեռանկարները:

  • Կիսվել: