ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Mercedes-ը Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհին տապալել է մի քանի գազասյուներ ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղերի գազամատակարարումը դադարեցվել է

Mercedes-ը Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհին տապալել է մի քանի գազասյուներ ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղերի գազամատակարարումը դադարեցվել է

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մրգաշեն-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գազատար խողովակների, կոտրել դրանք և հայտնվել դաշտում:

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է Արտակագ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել է նաև Եղվարդ քաղաքի հիվանդանոցի Եղվարդի շտապօգնության ծառայությունը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը:

Գազախողովակների տապալման հետևանքով գազի արտահոսք է սկսվել և օպերատիվորեն ժամանած «Գազպորմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի ծառայողները գազազրկել են նշված տարածքը ու այս պահին էլ կատարում են անհրաժեշտ աշխատանքներ՝ տապալված հենասյուները նորով փոխարինելու և վնասված գազախողովակները վերանորոգելու ուղղությամբ, որպեսզի կարճ ժամանակում վթարի հետևանքով մի քանի գյուղերի բնակիչների գազամատակարարումը վերականգնվի:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

  • Կիսվել: