ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան այսօր ԱԳ նախարարության գործառույթներից մեկն է. նախարար (տեսանյութ)

Մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան այսօր ԱԳ նախարարության գործառույթներից մեկն է. նախարար (տեսանյութ)

Շատ էական է համադրել անհատական լուծումները և շրջանակային համակարգային լուծումները։ Մենք համադրում ենք նաև այստեղ մեր բնակչության առողջապահական անվտանգության համակարգի կարողությունները և անհրաժեշտությունը վերադարձնելու մեր քաղաքացիներին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կան դեպքեր, որ գրում են, որ քաղաքացիները ուզում են վերադառնալ հայրենիք, բայց մենք ասում ենք՝ ոչ, որովհետև այստեղ բուժսպասարկման հնարավորություններ չունենք. կա՞ այդպիսի բան, թե՞ ոչ:

Նախարարն ասաց. ՛՛Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից 440 մեր հայրենակիցներ վերադարձան երկու չվերթով Հայաստան։ Եվ հիմա մենք նախապատրաստում ենք դաշտը, որպեսզի կարողանանք շարունակել այդ ամենը։

Եվ անհատական, և համակարգային մոտեցումներով փորձում ենք ողջամտության և մեր կարողությունների սահմաններում հասնել յուրաքանչյուր հարցին, յուրաքանչյուր դեպքին՛՛։

Խոսելով այն մասին, թե արդյոք պետությունը հոգու՞մ է մարդկանց մնալու կարիքները՝ այն քաղաքացիների, ովքեր մնացել են դրսում և չեն կարողանում վերադառնալ այսօր՝ Մնացականյանը դրական պատասխան տվեց:

Նա նշեց. ՛՛Այո, բազմաթիվ օրինակներ ունենք, երբ մեր միջոցներով կարող ենք օգնել՝ տոմսով, կեցություն ապահովելով, այլ հարցերով, որպեսզի նվազեցնենք այս պայմաններում առաջացած ճնշումը: 

Երբ որ հնարավորությունը ստեղծվում է, ապահովվում է նրանց վերադարձը Հայաստան: Հայաստան վերադառնալիս ապահովվում է, որպեսզի մեր առողջական, անվտանգային համակարգը մնա համապարփակ և անվնաս, ոչ խոցելի և այդ առումով 14-օրյա կարանտինի պահանջը բխում է այդ նպատակից։

Հիմա արդեն պետք է հատած լինեն Հայաստանի սահմանը մեր ուսանողները Իսրայելից՝ 10 հոգի: Հիմա ճանապարհին են մեր երիտասարդ ուսանողները Միացյալ Նահանգներից՝ 34 հոգի։ Վերջինս շատ լավ համագործակցության օրինակ է և՛ Միացյալ Նահանգների, և՛ Վրաստանի մեր գործընկերների հետ։ Իրենք հասնելու են Թբիլիսի և այնտեղից տեղափոխելու ենք Հայաստան. վստահ եմ՝ վաղը առավոտյան արդեն հասած կլինեն Հայաստան՛՛։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ԱԳՆ-ում գրանցված է 1870 քաղաքացի, որոնք ցանկություն ունեն վերադառնալ ՀՀ:

Մնացականյանի խոսքով՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան այսօր ԱԳ նախարարության գործառույթներից մեկն է՝ չափազանց էական, չափազանց կարևոր. այն շատ մեծ պարտավորություն և պարտականություն է: ՛՛Այս համավարակն ամբողջովին փոփոխեց մեր սովորական կյանքի տրամաբանությունը, և որևէ երկիր, որևէ տարածաշրջան դուրս չմնաց,  այս վարակը որևէ մեկի չշրջանցեց:

Ինչպես և բոլորի, մեզ համար անհրաժեշտ էր շատ ճիշտ կառուցել և գտնել այն բանաձևերը, որով մենք կարողանայինք կառուցել մեր աշխատանքը՝ համապարփակեցնելու այն հիմնական գործառույթները, որ ձեռնարկվում են երկրում, և իրականացնելու մեր գործառույթներն Արտաքին գործերի նախարարության մասով: Այստեղ ամենակարևոր խնդիրը եղել և մնում է կոտրել, չթողնել համավարակի տարածումը մեր երկրում, ապահովել անհրաժեշտ բոլոր պաշարները, բոլոր հնարավորությունները՝ դիմակայելու այս համավարակին,-ասաց նա:

Մնացականյանն ասաց, որ Կառավարության ամբողջ գործունեությունը կառուցված էր այդ տրամաբանության մեջ երեք ուղղություններով՝ ապահովել համավարակի չտարածման համար անհրաժեշտ միջավայրը, անհրաժեշտ միջոցները, և պարետատան աշխատանքն այդ առումով եղել և մնում է չափազանց էական: Նվազեցնել համավարակի ճնշումները մեր բնականոն կյանքի վրա, և այս առումով կառավարությունն ընդունեց անհրաժեշտ միջոցառումների փաթեթներ: Եվ ստեղծել միջավայր, որ բնականոն կյանքին վերադառնալուց հետո վերականգնենք նորմալ, բնականոն աշխատանքը տնտեսության և մեր կյանքի: Նա ասաց նաև, որ այդ առումով Արտգործնախարարությունն ունի իր աշխատանքի հատվածը՝ համադրելով իր աշխատանքը բոլոր մյուս գերատեսչությունների հետ և համակարգելով այն պարետատան միջոցով: 

Մնացականյանը, մասնավորապես, նշեց. Նույն այն հարցում, որ վերաբերում է մեր պաշարների ապահովմանը, մեզ անհրաժեշտ բոլոր դեղամիջոցների, սարքավորումների, պարագաների առումով շատ մեծ դերակատարություն ունեցան, և իսկապես գնահատում եմ իմ գործընկերների աշխատանքը տարբեր վայրերում, տարբեր երկրներում: Վերջին օրինակներից մեկը Չինաստանից եկած օդանավն էր, որ բերեց անհրաժեշտ պարագաներ, որ մենք գնել էինք Չինաստանում: Բերվեց նաև մեր չինացի  գործընկերների նվիրատվությունը: Այդ ամենն անհրաժեշտ էր կազմակերպել, որպեսզի տեղափոխվի տարբեր վայրերից Չինաստանում մեր կողմից վարձակալված պահեստը, ապահովվեն բոլոր թղթային գործառույթները, ապահովվեն թույլտվությունները թռիչքի համար, և այդ ամենն իրականացվեց: Մենք այժմ նախապատրաստում ենք երկրորդ չվերթը։ Բոլոր մյուս դեսպանություններն իրենց մասով նույնպես ապահովում են այդ գործառույթը։

Այս պայմաններում, հասկանում եք, որ միջազգային համագործակցությունը չափազանց էական է։ Առավել ևս հիմա՝ այս տարօրինակ, դժվար ժամանակներում ի ցույց է դրվում միջազգային համագործակցության արժեքը, և մենք իրապես շատ գնահատում ենք այդ համագործակցությունը, որ մեզ մոտ ձևավորվել է բազմաթիվ երկրների հետ։

Մենք նաև ունենք անհրաժեշտ և կարևոր նպատակ՝ ապահովելու բեռնափոխադրումների առումով բնականոն աշխատանքը։ Մենք ունեինք իրավիճակներ, երբ եղանակային պայմանների հետևանքով որոշ կուտակումներ եղան։ Մեր դեսպանությունը Վրաստանում և մեր գլխավոր հյուպատոսը Դոնի Ռոստովում անմիջապես մշտադիտարկման մեջ էին և խոսում էին մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք ապահովել այդ բնականոն աշխատանքը բեռնափոխադրումների առումով։

Ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, ապա մեր քաղաքացիների հարցը չափազանց կարևոր է, չափազանց էական։ Եվ այստեղ չափազանց էական է համադրել երկու կարևոր գործառույթ․ առաջինը՝ ապահովել, որպեսզի մեզ մոտ առողջապահական առումով անվտանգային համակարգը գործի անխափան, և մյուս կողմից ապահովել, որպեսզի մեր քաղաքացիները մնան անվտանգ այս պայմաններում՝ վերադարձի միջոցով կամ եթե իրենք մնում են իրենց գտնվելու երկրներում, նույնպես գտնել ճանապարհները, որպեսզի կարողանանք ապահովել իրենց անվտանգությունն այս պայմաններում՛՛։

  • Կիսվել: