Մեքենաներից կատարված գողությունները բացահայտվել են (տեսանյութ)
Հունիսի 18-ին, ժամը 11-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ գողացել են Փարպեցու փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
Գաղտնի հափշտակությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Ավանեսովի փողոցի 31-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, կասկածվողը Մոլդովական փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա ապրիլի 16-ին գողացել է նաև Բայրոնի փողոցում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:



