ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենթոր դպրոցների բաց մրցույթ՝ մարզերում սովորող աշակերտների համար

Մենթոր դպրոցների բաց մրցույթ՝ մարզերում սովորող աշակերտների համար

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։
 
Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ՝ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։
 
ԿՏԱԿ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝ անկախ գտնվելու վայրից։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկությունները։
 
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է։
 
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 00374 10 57 84 55 (ներքին համար՝ 301):
 
«E-school Armenia» նախագիծը, որն իրականացնում է հեռավար կրթության ծրագրերը, մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին՝ ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` 2021 թ․-ի սեպտեմբերից որոշվեց համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության պայմաններում երեխաների կրթության շարունակականության ապահովման համար: Սեպտեմբերին ուսուցչի բացակայությամբ պայմանավորված՝ այս կամ այն առարկան չէր դասավանդվում Հայաստանի շուրջ 101 մարզային դպրոցներում։ Ծրագրի մեկնարկից հետո մենթորական աջակցության համար դիմել է 50 դպրոց։ Հայաստանում այս պահին կա 17 մենթոր դպրոց։ Հայտարարված նոր մրցույթի արդյունքում կընդլայնվի արդեն գործող մենթորական ցանցը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և թիրախային դարձնել հեռավար դասընթացների կազմակերպումը։

  • Կիսվել: