Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք. վարչապետ
Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի վտանգն առկա է, և «խմորը դեռ շատ ջուր է տանելու»: Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգն օդում կախված է, վարչապետն արձագանքեց. «Երկրորդ ալիքի սպառնալիքը ոչ թե օդում կախված է, այլ երկրորդ ալիք եվրոպական շատ երկրներում տեղի է ունենում, երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են, այսօր նորից համատարած կարանտինի ռեժիմի են վերադառնում: Այնպես որ՝ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, և ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված պատմություններից հետևություններ անելը շատ վաղ է»:
Անդրադառնալով դպրոցներին՝ Նիկոլ Փաշինյանն ասսաց, որ դպրոցները բացելու պարագայում պետք է մաքսիմալ կանոնները պահել:
«Փորձը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացվում: Մենք երկար ժամանակ ամեն օր խնդրում, աղաչում, պաղատում էինք ամենօրյա ռեժիմով, սակայն երբ դա չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի», - ասաց նա:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նկատեց՝ եթե սահմանված կանոնները պահեն, շատ կարճ ճամանակ հետո կգնան արդեն գոյություն ունեցող կանոնների թուլացմանը դպրոցում: «Խնդրում ենք ուսուցիչների, աշակերտների աջակցությունն այս հարցում, որ ընդմիշտ այս վիճակից դուրս գանք: Մենք ինքներս շահագրգռված ենք արագ վերադառնալու բնականոն հուն»,- ասաց նա:
Նշվեց նաև, որ ուսուցիչների լայնածավալ թեստավորում է իրականացվում, և թեստերի թվի աճը նաեւ դրանով է պայմանավորված, նաեւ դրսից եկածներին են թեստավորում:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք: Շատերն առաջարկում են, ասում են՝ եկեք բացենք, ոչինչ 20 օրից նորից փակենք: Էքսպերիմենտներ հո չենք անում: Մենք պետք է դպրոցները բացենք այնպես, որ այլևս չփակենք: Որ բացում ենք, էլ չենք փակում«։



