հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք կորոնավիրուսից ունենք 3000-ից ավելի մահվան դեպք, բայց ո՞ր երկիրն է, որ չունի. Փաշինյան

Մենք կորոնավիրուսից ունենք 3000-ից ավելի մահվան դեպք, բայց ո՞ր երկիրն է, որ չունի. Փաշինյան

Մեր կառավարությունն ունեցել է մեկ ամբողջական ոչ ֆորսմաժորային տարի՝ 2019 թվականը, 2019 թ.-ի ընթացքում վերջին տասնամյակի համար տնտեսական աննախադեպ աճ է եղել, իսկ 2020 թ.-ի մարտից սկսվել է կորոնավիրուսի համավարակը: Այս մասին այսօր Նվեր Մնացականյանին տված հարցազրույցի ժամանակ ասացՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եկեք հիշենք, թե hամավարակը կառավարելու առիթով մեր կառավարության նկատմամբ ինչ ծավալի քննադատություն էր: Դարձյալ ասում եմ՝ կային երկրներ, որոնց օրինակն ամենօրյա ռեժիմով, կներեք արտահայտությանս, մեր աչքն էին մտցնում, ամեն օր, ամեն Աստծո օր, օրը մի քանի անգամ:

Մենք այդ ժամանակ ասում էինք, որ մեր կանխատեսումներով՝ բոլոր երկրները գալու են նույն իրավիճակի առաջ կանգնեն: Եվ այն երկրները, որոնց օրինակը մեր աչքն էին մտցնում՝ այսօր կորոնավիրուսի համավարակի հետ կապված աղետալի վիճակում են ու ոչ մեկ չի հիշում դրա մասին, ոչ մեկ չի հիշում՝ ինչ էինք իրենց ասում 2020 թ.-ի հուլիսին, օգոստոսին և այլն և այդպես շարունակ՛՛::

Վարչապետի կարծիքով՝ կառավարությունը լավագույնս է կառավարել կորոնավիրուսի համավարակը: ՛՛Այո, մենք կորոնավիրուսից ունենք 3000-ից ավելի մահվան դեպք, բայց ո՞ր երկիրն է, որ չունի: Այո, կային մեզ հետ համեմատելի երկրներ, որոնց, օրինակ, հուլիսին մահվան թվերը 10 անգամ ավելի պակաս էին, քան մերը, բայց այսօր նրանք մահվան թվերով և դեպքերով շատ ավելի առաջ են, քան Հայաստանը, վատ իմաստով, ցավալի է, իհարկե, որ ստիպված ենք այսպիսի օրինակներ բերել՛՛,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: