Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը մեր չեմպիոնի մասին է. Փաշինյանը՝ Դալուզյանի ֆիլմի մասին
Կառավարությունը ֆինանսավորում է Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի այն հատվածը, որը վերաբերում է նրա չեմպիոնությանը։ Այս մասին այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ցուցարարները վարչապետից հետաքրքրվեցին՝ արդյոք արդարացնում է ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի ֆինանսավորումը, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ չի արդարացնում, բայց այդ մարդը աշխարհի եռակի չեմպիոն է:
«Այն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի չեմպիոն է և երեք անգամ Հայաստանի դրոշը բարձրացրել է, և Հայաստանի օրհներգն է հնչել: Հիմա, եթե աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, որոնք մեր քաղաքացու, մեր չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում, որոնք իրականացնում են 90 տոկոս ֆինանսավորումը, մի պուճուր էլ մենք չֆինանսավորե՞նք»,- ասաց նա:
Երիտասարդները հակադարձեցին՝ այդ ֆիլմից ի՞նչ ուղերձ են ստանալու սերունդները: Նրանք նաև ասացին՝ ինչո՞ւ, օրինակ, հայոց թագավորների մասին ֆիլմ չի նկարահանվում ու ֆինանսավորում, վարչապետը պատասխանեց. «Ես ինքս եմ խնդիր դրել, որ մեր թագավորների մասին ֆիլմեր նկարվեն, ես եմ հրապարակային այդ թեմաներով խոսել»:
Բողոքի ակցիայի մասնակցիներն էլ նկատեցին. «Նախարարը Ձեր բարձրացրած խնդիրը չի իրականացնում, երևի նախարարը խառնել է թագավորներին ու Մելին, և հիմա նրա մասին է ֆիլմ նկարահանվում»:
Նրանք նաև ասացին, որ ըստ ֆիլմի ռեժիսորի, այն սեռափոխվածության, ծանրամարտիկի դժվար կյանքի մասին է, այսինք՝ սեռափոխվածության մասին է, այլ ոչ թե չեմպիոնության, վարչապետը նշեց, որ իր ընկալմամբ, ֆիլմը մարդու և չեմպիոնի մասին է. «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»։