հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Մենք անցնում ենք ամբողջովին էլեկտրոնային ուղեգրման համակարգին. Ավանեսյան

Մենք անցնում ենք ամբողջովին էլեկտրոնային ուղեգրման համակարգին. Ավանեսյան

ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի 17 միջոցառումների փոխհատուցումը կիրականացվի պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 28-ի նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ այսօր արդեն օֆերտային սկզբունքով բաշխվում է 27 միջոցառմամբ հատկացված գումարի 44 տոկոսը, որը կազմում է մոտ 52 միլիարդ դրամ:

«Նշված փոփոխության արդյունքում, բացի պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվող բուժօգնության միջոցառումներից, մնացած բոլոր ծրագրերը և միջոցառումները կփոխհատուցվեն պայմանագրային գումարով՝ բյուջեի չսահմանափակման սկզբունքով:

Կանոնակարգվում են նաև պացիենտների հերթագրման և ուղեգրման հետ կապված հարաբերությունները: Նշեմ, որ մեր այս նախագծով դուրս է գալիս թղթային ուղեգրման տարբերակը, և մենք ևս անցնում ենք ամբողջովին էլեկտրոնային ուղեգրման համակարգին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ծառայությունների գնման գործընթացն ամբողջովին կփոխվի:

ՀՀ վարչապետը պարզաբանեց՝ այսինքն՝ այս տարի այլևս չի լինի ՀՀ առողջապահության նախարարի հրաման, որով իրականացվում են նախնական բաշխումներ պետպատվերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու համար:

«Մենք կունենանք ընդհանուր բյուջե, և այդ բյուջեն կծախսվի՝ ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության, այսինքն՝ նրանք, որ հիվանդանոց կգան, ծառայություն կստանան, «Արմեդում» այդ ծառայությունը կգեներացվի, դրանից առաջ կգեներացվի նաև ուղեգրումը, և պրոցեսները կլինեն ըստ այդմ, և մենք կունենանք ծառայությունների մատուցման տիպային ինչ-որ պայմանագիր, և նրանք, ովքեր ուզում են միանալ, կտեսնեն այդ պայմանագիրը և կորոշեն, որ ուզում են միանալ»,- ասաց վարչապետը:

Նախարար Ավանեսյանը ևս պարզաբանեց՝ մինչ այս ամենը բժշկական կենտրոնի համար նախատեսված էին նախարարի հրամանով սահմանված առավելագույն սահմանաչափեր, իսկ այսուհետ բժշկական կենտրոնները կփոխհատուցվեն ըստ մատուցած ծառայությունների:

  • Կիսվել: